կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում 1000-ից ավելի աշխատատեղեր են կրճատվել, փակվել են բիզնեսներ

Արցախում 1000-ից ավելի աշխատատեղեր են կրճատվել, փակվել են բիզնեսներ

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի շրջափակումը տևում է արդեն  մեկ ամսից ավելի, և այդ  ընթացքում Արցախում 1000-ից ավելի աշխատատեղեր են կրճատվել,  ժամանակավորապես փակվել են բիզնեսներ։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  «Արցախ։ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-կոնֆերանսի ժամանակ  տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«Նախատեսվում է տնտեսության էականորեն տուժած ոլորտներին որոշակի աջակցություն տրամադրել, նաև տնտեսական կառուցվածքի բարեփոխման աշխատանքներ կիրականացվեն»,-հավելել է Մ. Առաքելյանը։

Նա ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո էապես փոխվել է Արցախի տնտեսության կառուցվածքը: 2021-2022 թվականներին տնտեսության հատվածում բազմաթիվ նոր ծախսեր իրականացնելու պատճառով առաջացել են բյուջետային և տնտեսական բազմաթիվ խնդիրներ: 

«2023 թվականին պետբյուջեն, որը հաստատվել էր մինչև շրջափակումը, նախանշում էր մոտավորապես 50 մլրդ դրամի սեփական եկամուտների չափ: Սակայն շրջափակման առաջին օրվանից ակնհայտ է, որ հնարավոր չէ ունենալ եկամուտների նման մակարդակ: Եվ արդեն այս 1 ամսվա ընթացքում բազմաթիվ  ընկերություններ հնարավորություն չունեն աշխատելու, որը ոչ միայն հարկային եկամուտների էական նվազեցում է առաջացնում, այլ նաև աշխատատեղերի»,-իրազեկել է   Մ. Առաքելյանը։ 

Նրա խոսքով՝   պետբյուջեն արդեն իսկ ուղղված էր ճգնաժամային խնդիրների կարգավորմանը։ 2023թ.-ին այն   էականորեն փոխելու է իր կառուցվածքը, քանի որ շրջափակման հետևանքով  ստեղծված իրավիճակն ավելի լուրջ ֆինանսական, տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնեցրել։

  • Կիսվել: