ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախն ունի իր իրավունքների պաշտպանելու 5 աղբյուր, որից միայն մեկն է գործում. Արմեն Ռուստամյան

Արցախն ունի իր իրավունքների պաշտպանելու 5 աղբյուր, որից միայն մեկն է գործում. Արմեն Ռուստամյան

Արցախում ստեղծվել է եթե չասեմ փակուղի, ապա ճգնաժամ՝ կապված Լաչինի միջանցքի փակվելու հետ: Այս մասին, այսօր ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Բոլորն ունեն իրենց պատասխանատվության բաժինը, բոլորը հասկանում են, որ երկար այսպես շարունակվել հնարավոր չի, խնդիրը պետք է լուծում ստանա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ անընդհատ անժամկետ ճանապարհը փակելով հասնելու է իր նպատակներին, տեսնելով արցախահայության ամուր կամքը, իրենք նահանջելու են: Պայքարով է միայն հնարավոր սրա դեմն առնել: Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու համընդհանուր հայկական գործընթաց, որը օր առաջ պետք է սկսել ու իրականացնել: Պետք է ստեղծվի  մեկ միասնական կենտրոն, անունը շտաբ կդնեն, թե խորհուրդ կդնեն, որը պետք է առաջացնի համահայկական զորաշարժ: Մենք չենք կարող  հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը»,-ասաց նա:

Ռուստամյանի խոսքով, Արցախն ունի իր իրավունքների պաշտպանելու 5 աղբյուր. Մեկը Հայաստանն է, մյուսը Ռուսաստանն է, երրորդը միջազգային հանրությունն է, չորրորդը համահայկական զորաշարժն է եւ վերջինը հենց ինքն Արցախն է: «Այդ 5 ուղղություններից այսօր միայն մեկն է գործում՝ Արցախը: Արցախն ինքնուրույն իր խնդիրները վերցրել է իր վրա եւ միայնակ պայքարում է իր իրավունքների համար: Այս աննորմալ իրավիճակը չենք կարող թույլ տալ, առնվազն համահայկական զորաշարժը կախված է հայությունից, այստեղ մեզ ոչ ոք չի կարող մեզ օգնել, քան ինքներս մեզ: Այո, այստեղ նույն Ռուսաստանն էլ ունի իր պատասխանատվությունը:

Ալիեւի հայտարարությունը, թե ճանապարհը միակողմանի բաց է, ուղղակի խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության մասին: Սրանք պետք է կարողանանք լայնորեն օգտագործել Ադրբեջանի դեմ եւ սա է, որ Հայաստանը լիարժեք չի իրականացնում»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նրա խոսքով, պետք է համահայկական զորաշարժի ենթարկել ամբողջ հայությանը, եւ հնարավորություն ստեղծել ի պաշտպանություն Արցախի գործելու. «Դա չպետք է լինի միայն հումանիտար, այլեւ «SOS Արցախ» քաղաքական ու միջազգային խնդիրների լուծմանն ուղղված:

Հայաստանն ասում է՝ ես խնդիր չունեմ, դա Ռուսաստանի գործն է, Ռուսաստանն ասում է՝ ես չունեմ այդ մանդատը, դա նախապես պետք է հստակեցվեր: Թե պետք է ընդլայնվեն խաղաղապահների լիազորությունները, թե պետք է բացառվի այս ամենի կրկնությունը: Դրա համար պետք է թե քաղաքական, թե դիվանագիտական, թե հումանիտար բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

  • Կիսվել: