Արցախից տեղահանված 25 հազար ընտանիքներից ընդամենը 1500-ն են բնակարան ձեռք բերել. Գեղամ Ստեփանյան
«Հայաստանի կառավարության կողմից սոցիալական աջակցության ծավալի ու շահառուների թվի կրճատումը խորացրել է արցախցիների սոցիալական ծանր իրադրությունը»,-Արցախի ներկայացուցչությունում անցկացվող լսումների ընթացքում հայտարարեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ այս առումով ամենակարևորը բնակարանի ու կացության խնդիրներն են։
«Գոյություն ունի բնակարանով ապահովման պետական աջակցության ծրագիր, որը ցավոք սրտի, այսօրվա դրույթներով ու ձևով չի համապատասխանում տեղահանվածների բնակարանային կարիքներին»,-ասաց Ստեփանյանը։
Նա փաստեց՝ երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքներից այդ ծրագրի միջոցով կարողացել են բնակարան ձեռք բերել ընդամենը 1500-ը, չնայած որոշակի փոփոխություններից հետո ծրագրին դիմելիության ցուցանիշը բարձրացրել է։
«Նոյեմբերի 20-ի դրությամբ հավասատագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից 1500-ն է կարողացել իրացնել այն, ըստ էության բնակարանի տեր դառնալ, կեցության հարցը լուծել։ Այս թվերը ցույց են տալիս, որ մարդիկ հավաստագիր ստանալուց հետո էլ չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու կեցության հարց լուծել»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ նշելով, որ այն համայնքներում որտեղ հավաստագրի արժեքը մեծացել է, թանկացել է նաև անշարժ գույքը։
Նրա համոզմամբ, նման ծրագրով կեցության խնդրի հարցը լուծելը դժվար կլինի, պետք է իրականացնել կառուցապատման ծրագիր։
«Ցավոք, պետք է նաև նշել, որ առաջարկվող ծրագրերը չեն աջակցում արցախցիների հավաքական, կոմպակտ բնակեցմանը, այս ուղղությամբ մեր պնդումներին, առաջարկներին պատասխան է հնչում, թե իրենք շահագրգիռ չեն արցախցիների գետոյացման հարցում, ինչը կարծում եմ, հիմնազուրկ պնդում է»,-ասաց Ստեփանյանը։


