Արցախից բռնի տեղահանված քանի՞ ընտանիք է լուծել բնակարանի խնդիրը. պատմում է փոխնախարարը
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից ավելի քան 300–ը բնակարանների գնման հավաստագրեր են ստացել, ոմանք հասցրել են նաև տուն գնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«300 ընտանիքներից մի քանիսն արդեն ունեն ձեռք բերված բնակարաններ, մյուսները կա՛մ տան փնտրտուքի մեջ են, կա՛մ արդեն գտել են տունը, և հիմա այդ գործընթացի մեջ են»,– ասաց նա։
Ծրագրի առաջին փուլում ակտիվություն չէր նկատվում, շատերը դժգոհում էին հատկապես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պայմանից` մտավախություն ունենալով, որ այդկերպ կկորցնեն ԼՂ քաղաքացի լինելու և դրանից բխող իրենց իրավունքները։
Դավիթ Խաչատրյանը, սակայն, վստահեցնում է, որ այսօր արդեն որոշակի ակտիվություն նկատվում է։
«Մենք կարծում ենք, որ 2025թ–ի համար բավական բարձր և բուռն ներգրավվածություն ենք ունենալու, և հաջորդ տարվա վերջին, կարծում եմ, բավական մեծ թվով տնավորված հայրենակիցներ, ընտանիքներ կունենանք»,– կարծում է սոցապփոխնախարարը։
Զուգահեռաբար, 2025թ–ի ապրիլից սկսած ՀՀ կառավարությունը մտադիր է կրճատել բռնի տեղահանված արցախցիներին տրվող պետական աջակցության գումարը։ Ապրիլից սկսած` այսպես կոչված «40+10»–ի ծրագիրը կդադարեցվի։ Ամսական 40–հազարական դրամ կստանան միայն անչափահասները, կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Հուլիսից սկսած մինչև տարեվերջ աջակցությունը կկազմի արդեն 30 հազար դրամ։
Իսկ 2026թ–ից պետական աջակցութունն ընդհանրապես կդադարեցվի` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական խավերի համար նախատեսված պետական աջակցություններն ու սոցիալական վճարումները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին հարցրինք` արդյոք աջակցությունների կրճատումն ու հատկապես դադարեցումը չի՞ բերի սոցիալական իրավիճակի սրման։
«Եթե տարեվերջին այնպիսի ցուցանիշներ կունենանք, որոնք կփաստեն, որ լինելու են սոցիալական բուռն կամ լայն խնդիրներ, ապա դրանք միանշանակ կհասցեագրվեն։ Սա ինքնանպատակ չէ, և մինչև 2026թ–ի դադարեցումը սահուն անցում պետք է ապահովվի։ Եվ եթե լինեն չլուծված խնդիրներ, իհարկե, այդ ուղղությամբ պետք է որոշակի աշխատանքներ տարվեն»,– պատասխանեց Դավիթ Խաչատրյանը։
Նա նաև հայտնեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից, հոկտեմբերի տվյալներով, 24-25 հազարն ունեն աշխատանք։
«Սա նշանակում է, որ միջինը յուրաքանչյուր ընտանիքում կա աշխատող` եթե ոչ երկու, ապա գոնե մեկը։ Եվ պետք է ասեմ, որ աշխատավարձի չափը մեր հանրապետական միջինից գրեթե չի տարբերվում։ Այսինքն` այնքան է, որքան ՀՀ այլ քաղաքացիներինը»,– նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը մեկնարկել է Արցախի հայաթափումից 1-1.5 ամիս անց` 2023թ–ի նոյեմբերից։ Աջակցությունը տրվել է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով` որպես կեցության ու բնակարանի վարձակալության գումար։