ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի թեմի աջակցությամբ կապիտալ վերանորոգվում է Խնուշինակի մանկապարտեզի շենքը

Արցախի թեմի աջակցությամբ կապիտալ վերանորոգվում է Խնուշինակի մանկապարտեզի շենքը

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում  մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

 Այս մասին «Արցախպրես»- թղթակցի հետ զրույցում ասել է Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանը։

«Վերանորոգումն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի բարեգործական ծրագրով։ Պետք Է ասեմ, որ անգամ այս պայմաններում աշխատանքները շարունակվում են` առանցքում ունենալով մեր փոքրիկների համար հագեցած և հետաքրքիր առօրյայի ապահովումը։ Շենքը նորակառույց  էր, երբ սկսվեց Արցախյան գոյապայքարը։  Թե  առաջին և թե 44-օրյա պատերազմների ժամանակ այն լրջորեն  վնասվել է։ Գյուղում մանկապարտեզ հաճախող 63 երեխա ունենք։ Շենքային նոր պայմաններով վերաբացված մանկապարտեզում կգործի երկու խումբ»,-իրազեկել է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով շրջափակման  պայմաններում համայնքում առաջացած խնդիրներին՝ Կ. Մուրսալյանն առաջնային է համարել դիզվառելիքի  պակասը։  

«Դրանով պայմանավորված`  գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները դադարեցված են։ Ինքներդ գիտեք, թե ինչ է դա նշանակում գյուղացիների համար։ Նրանք նաև  սեփական խաղողայգիներ ունեն, որտեղ ևս, խնդրով պայմանավորված,  էտման և այլ աշխատանքներ չեն կատարվում։   Երիտասարդներն էլ  պարապուրդի են մատնվել։

Մինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը կատարել էինք 120 հա աշնանացան,  շրջափակման պայմաններում   մեծ ջանքերի շնորհիվ այն հասցրել ենք 308 հա-ի։ Վառելիք ստանալու համար հայտ ենք ներկայացրել շրջվարչակազմ, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպել կարողանանք։ Մի մասն արդեն ստացել ենք, սպասում ենք մյուսին։ Նաև պետք է սերմեր տրամադրվեն»,-մանրամասնել  է մեր զրուցակիցը։

Նա իրազեկել է, որ այս օրերին գյուղում շարունակում են գործել բուժկետը, դպրոցը, խանութները։
«Դպրոցը ջեռուցվում է գազով, սակայն, գազամատակարարման հաճախակի խափանման խնդրից ելնելով, փայտի վառարաններ ենք տեղադրել ուսումնական գործընթացը կազմակերպելու համար»,-ընդհանրացրել է Խնուշինակ համայնքի ղեկավարը։

  • Կիսվել: