հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է. ԱՀ ԱԳՆ

Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ:

ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
 
«Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։
 
Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակն կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ գրավված բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածված գնդակահարություններ, արտադատարանային հաշվեհարդարներ գերիների և պատանդների նկատմամբ, խոչընդոտում խաղաղ բնակիչների տարահանմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծում ծանր զինտեխնիկայից։
 
Շահումյանի շրջանի օկուպացիայի և դրան հաջորդած էթնիկ զտումների արդյունքում կողոպտվեցին, քանդվեցին ու կրակի մատնվեցին շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր, ավելի քան 20 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ դառնալով ներքին տեղահանված անձ և փախստական, մի քանի հարյուր հոգի դաժանաբար սպանվեց կամ անհետ կորավ։ Ադրբեջանական զինված ուժերի հետագա հարձակումը Մարտակերտի շրջանի վրա հանգեցրեց Արցախի գրեթե կեսի օկուպացիային և հանրապետությունը կանգնեցրեց մարդասիրական աղետի եզրին։ Սակայն, անսասան ոգու և կամքի ուժի, հաստատակամության և անձնուրաց պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը, համայն հայության աջակցությամբ, կարողացավ խափանել Արցախի Հանրապետության և նրա բնակչության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ծրագրերը։
 
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց իրականացնել իր հանցավոր և մարդատյաց ծրագրերն ու անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին: Նոր զինված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը և նրան աջակցող ուժերն էլ ավելի մեծ մասշտաբով ու ավելի համակարգված կերպով կատարեցին ռազմական և մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ: Նոր պատերազմը հանգեցրեց մարդկային ավելի մեծ տառապանքների, փախստականների և ներքին տեղահանվածների նոր ալիքի և Արցախի Հանրապետության մեծ մասի բռնազավթման:
 
Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, արցախահայության կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ մեկտեղ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման առանցքային բաղադրիչն է: Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: