երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը հայտարարում է մրցութային ընդունելություն

Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը հայտարարում է մրցութային ընդունելություն

«Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր»-ը հայտարարում է մրցութային ընդունելություն 2022-23 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ ճեմարանում իրականացվող «Հայրենիքի պաշտպանության և գիտատեխնիկական առաջընթացի համար պատասխանատու օրինապաշտ քաղաքացու ձևավորման» հեղինակային կրթական ծրագիրն ապահովելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն։

Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ՝ կամ բնական գիտություններ (ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա՝ մեկ հարցաթերթով), կամ հասարակական գիտություններ (հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն՝ մեկ հարցաթերթով) առարկաներից՝ կախված հոսքային ընտրությունից։

Ճեմարանում ուսուցումն իրականացվելու է Երևանի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի կողմից ընտրված և համապատասխան մասնագիտական վերապատրաստումներ անցած ուսուցիչների կողմից։

Երկրորդ կիսամյակից ուսուցումը կազմակերպվելու է հումանիտար, բնագիտամաթեմատիկական և տնտեսագիտական հոսքերով։

Ճեմարանում ուսումն անվճար է։ Ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է երկարացված օրվա աշխատակարգով։

Սովորողներն ապահովվում են սննդով։

Պահանջվող փաստաթղթերն են.

դիմում (լրացվում է սովորողի և ծնողի կողմից տեղում)

սովորողի ծննդյան վկայականի պատճենը

սովորողի ընթացիկ գնահատականների ամփոփաթերթիկի պատճենը

երկու լուսանկար (3x4 չափսի)

բնակության վայրից տեղեկանք

դիպլոմների, պատվոգրերի, գովասանագրերի կամ ակադեմիական այլ նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ (առկայության դեպքում)

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունվարի 9-ից մինչև 14-ը (բացի կիրակի օրերից), ժամը 9:00-ից մինչև 16:00, ք. Ստեփանակերտ, Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի շենքում։
Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել (097) 70- 09 -08 հեռախոսահամարին։

  • Կիսվել: