շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի պետնախարարը պարզաբանել է իր հայտարարությունը առ այն, որ «ԱՀ-ի և ՀՀ-ի արցախյան հարցի լուծման դիրքորոշման մեջ որևէ տարբերություն չկա»

Արցախի պետնախարարը պարզաբանել է իր հայտարարությունը առ այն, որ «ԱՀ-ի և ՀՀ-ի արցախյան հարցի լուծման դիրքորոշման մեջ որևէ տարբերություն չկա»

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի վերջին հարցազրույցում հնչած այն միտքը, ըստ որի ԱՀ և ՀՀ իշխանությունների մոտեցումներում Արցախի հիմնահարցի լուծման հարցում տարբերություններ չկան, ոչ միանշանակ է ընկալվել, ինչի առթիվ պետնախարարի գրասենյակը հանդես է եկել պարզաբանմամբ։

«Մարտի 7-ի իր հարցազրույցում պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել:

Պարոն Ներսիսյանը խոսքում հատուկ շեշտել է, որ ինքը չի տիրապետում Հայաստանի կողմից տեղի ունեցող բանակցությունների խորքային բովանդակությանը, քանի որ ընդամենը մի քանի օր է, որ զբաղեցնում է պետնախարարի պաշտոնը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր մոտեցումները կառուցելիս պետք է հիմք ընդունի Արցախի ժողովրդի դիրքորոշումը: Ավելին, նա հատուկ շեշտադրել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը պետք է ընդունվի, հարգվի ու ճանաչվի: Եթե Հայաստանի դիրքորոշումը հակասի դրան, ապա այն անարձագանք չի մնալու։

Արցախի ժողովուրդը անշունչ իր չէ, որ մեր մասին որոշումներ ընդունվեն և իրագործվեն՝ առանց մեր կամքը և իրավունքները հաշվի առնելու։ Հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցներն ու երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է պարտադիր կերպով հաշվի առնեն մեր դիրքորոշումը և մոտեցումները, քանի որ արցախյան կողմն է հակամարտության գլխավոր սուբյեկտը։

Ինչ վերաբերում է Արցախի պաշտոնական դիրքորոշմանը, կարմիր գծերին, ապա դրանք հայտնի են և դրանց հակասող ցանկացած հայտարարություն կամ մոտեցում մշտապես արժանացել է արձագանքի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և արտաքին գործերի նախարարության կողմից, և հետագայում ևս արժանանալու է նույն վերաբերմունքին»,- ասված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք՝ հարցին, թե Ադրբեջանի պահանջը չկատարելու պաշտոնական Ստեփանակերտի որոշումը արդյոք համահո՞ւնչ է այն քաղաքականության հետ, որն արցախյան հարցում վարում է պաշտոնական Երեւանը, Գուրգեն Ներսիսյանը պատասխանել էր.

«Պաշտոնական Երեւանի եւ Արցախի դիրքորոշումների հետ կապված՝ ես կարող եմ ասել հետեւյալը։ Նախ, ես չեմ պատկերացնում, որ կարող են լինել երեւանյան եւ ստեփանակերտյան դիրքորոշումների միջեւ տարբերություններ, եւ հակառակը, համոզված եմ, որ Երեւանը,երբ խոսքը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է հենց արցախյան իշխանությունների դիրքորոշմանն վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։ Ճշտող հարցին. «Մոտեցումների տարբերություններ այս պահին չկա՞ն այսինքն», պետնախարարը նշել է. «Որևէ կերպ»։

  • Կիսվել: