երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի պետհամալսարանը պայմանագրեր ունի Հայաստանի և արտերկրի 50 բուհերի ու  գիտական կառույցների հետ

Արցախի պետհամալսարանը պայմանագրեր ունի Հայաստանի և արտերկրի 50 բուհերի ու գիտական կառույցների հետ

Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագրեր ունի Հայաստանի Հանրապետության և արտերկրի 50 բուհերի,  գիտական և այլ կառույցների հետ:

Այս մասին ապրիլի 1-ին ասել է Արցախի Մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ բուհի խորհրդի նիստում ներկայացնելով 2019-2020  ուսումնական տարվա աշխատանքները:

Նրա խոսքով՝ սկզբում կորոնավիրուսային համավարակով, այնուհետև՝ 44-օրյա պատերազմով պայմանավորված նոր մարտահրավերները  պարտադրեցին շուտափույթ լուծումներ գործի դնել: Ըստ այդմ՝ ռեկտորը լավագույն լուծումներից է համարում բուհում ներդրված հեռավար ուսուցման նոր հարթակը:

Համալսարանում իրականացված կարևոր աշխատանքներից ռեկտորը հատկապես առանձնացրել է  նորարարական տեխնոլոգիաներով հագեցած կենսաբանության լաբորատորիան, տպարանի հիմնումը, իրավաբանական կլինիկայի զործունեությունը, իրականացված «Հոգեբանական կենտրոնի զարգացում», «Ուսանողների և  դասախոսների ուսումնագիտական գործուղումներ», «Մարզական գույքի ձեռքբերում», «Ուսանողական արշավներ», «Դասախոսների և ուսանողների որակավորում», «Կենսաբանության արդիականացումն Արցախում», «Բուհ-գործատու հետազոտություն»  ծրագրերը, գիտական գրադարանի ֆոնդի համալրումը:

«Հաշվետու տարում  Արցախի մայր բուհը մասնագետներ է պատրաստել բակալվրիատի 38  ու մագիստրատուրայի 24 կրթական ծրագրերով, 5 ֆակուլտետի և 16 ամբիոնի միջոցով: Համալսարանի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2080, մագիստրատուրայի ուսանողների թիվը` 359, ասպիրանտների թիվը` 10-ը, թողարկել բակալավրի  567, մագիստրատուրայի 185, ասպիրանտուրայի 3 շրջանավարտ, բուհ ընդունվել բակալավրի 591, մագիստրատուրայի 184, ասպիրանտուրայի 5 դիմորդ»,-տեղեկացրեց ռեկտոր Սարգսյանը:

Արցախի պետամալսարանի գործունեության նկատմամբ առանձնահատուկ հոգատարության և բարձրացված խնդիրների լուծման, գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման համար ռեկտորը մ շնորհակալություն է  հայտնել հանրապետության նախագահին, նախագահի աշխատակազմի ղեկավարին, ԱրՊՀ խորհրդի նախագահին, ԱՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին, ԿԳՍ նախարարին, ԱԳ նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին:

Համալսարանում հաշվետու տարում կատարված աշխատանքը արդյունավետ է գնահատել Արցախի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը` նշելով, որ ԱրՊՀ-ն արժանվույնս է կատարել իր աշխատանքը երկրի համար ծանր ժամանակներում:

Իր խոսքում՝ Նախարար Ղարախանյանը նաև մտահոգություն է հայտնել անհետացման եզրին գտնվող մասնագիտությունների խնդրի վերաբերյալ:

«Ունենք անհետացման շրջանում գտնվող մասնագիտություններ, դրա հետ կապված սերնդափոխության խնդիր: Այս հարցը պետք է դարձնել օրակարգային և հետագա քննարկումներում նախանշել լուծման ուղիներ»,-ասել է նախարարը:

ԱրՊՀ խորհրդի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի մասնակցությամբ կայացած նիստում, համալսարանի  ռեկտորի 2019-2020 ուստարվա վերաբերյալ  հաշվետվությունը գնահատվել է բավարար: Ի գիտություն ընդունելով  Արցախի պետական համալսարանի   2020 թ. ֆինանսական տարվա  հաշվետվությունը՝ բուհի խորհուրդը հաստատել է նաև 2021թ.  ծախսերի նախահաշիվը:

  • Կիսվել: