ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները կդրվեն բաց աճուրդի. Բեգլարյան

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները կդրվեն բաց աճուրդի. Բեգլարյան

Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման վերաբերյալ քննարկումներ են եղել, և կա Հանրապետության նախագահի որոշումը՝ դրանք աճուրդի դնելու վերաբերյալ: Այս մասին ասել է Արցախի  Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց  բաց զրույցի ժամանակ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին:

Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները՝  բաց  աճուրդի են դրվելու,  որպեսզի դրանք հնարավորինս բարձր  գնով վաճառվեն, ապա՝  գումարներն  ուղղվեն  պետական բյուջե՝ ըստ կարիքի   հանրային նպատակներով օգտագործելու համար:

Թեև ես  այն պաշտոնյաների թվին եմ դասվում, որն ունի ծառայողական ավտոմեքենայի կարիք, սակայն անձամբ դիմելու եմ նախագահին, որպեսզի ինձ սպասարկող մեքենան նույնպես աճուրդի դրվի:  Անձամբ   ինձ համար մեքենան փոխադրամիջոց է , և ոչ՝  ինքնահաստատման կամ սոցիալական դիրքր ցույց տալու միջոց:  Պետական ծառայողական մեքենան պետք է կիրառվի  բացառապես ծառայողական նպատակներով:

Դեռևս Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝  ունենալով ծառայողական մեքենա,  շատ անգամ չեմ օգտվել: Փոխարենն  օգտագործել եմ եղբորս, ընկերոջ կամ գործընկերոջ  մեքենան կամ օգտվել տաքսի ծառայությունից:   Մարդու իրավունքերի պաշտպանին հատկացված   ծառայողական մեքենան էլ,  եթե օգտագործել ենք,  ապա՝  և իմ համար,  և աշխատակազմի: Ընդհուպ՝  առաջին կարգի մասնագետն օգտվել է այդ ավտոմեքենայից: Իմ կարծիքով,  սա պետական համակարգում հանրային միջոցների հանդեպ վերաբերմունքի    ամենաճիշտ մոդելն է՛՛:  

Նա ընդգծել է նաև, որ պետական միջոցների օգտագործման վերաբերյալ իրենց,  այդ թվում՝ պետական պաշտոնյաների մի զգալի հատվածի մոտ,  հոգեկերտվածքային մեծ խնդիր ունեն:  ՛՛Պետական,հանրային միջոցները  պատշաճ, սրտացավ վերաբերմունքի չեն արժանանում: Կարծում եմ՝ դա գալիս է խորհրդային տարիներից,  և միգուցե ավելի վաղ ժամանակներից, քանի որ,  երկար դարեր չունենալով պետականություն՝ մեզանում ձևավորվել է վատ մտածողություն,որ պետական ունեցվածքը մերը չէ և ինչպես ուզում ենք կարող ենք վարվել՛՛,-ասել է  ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Բեգլարյանը նշել է նաև, որ հարկ եղած դեպքում անձամբ օգտվելու է  աշխատակազմում առկա  մյուս ավտոմեքենաներից, ինչը կարող են անել նաև մյուսները:

  • Կիսվել: