չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի պետական համալսարանում քննարկվել են աշխատաշուկայի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները

Արցախի պետական համալսարանում քննարկվել են աշխատաշուկայի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը Մայր բուհում համատեղ կազմակերպել են ‹‹Արցախի Հանրապետության աշխատանքի շուկայի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները›› թեմայով քննարկում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը ներկայացվել են Վիճակագրական ծառայության 2021 թվականի համապատասխան հետազոտության արդյունքները: Մեզ հետ զրույցում ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը կարևորել է թեմատիկ քննարկումը՝ նշելով, որ այն նաև գործատու-բուհ համագործակցության լավագույն դրսևորումներից է:

«Պետական կառավարման մարմինն իր աշխատանքի շնորհանդեսն է իրականացնում, իսկ մեր գիտակրթական համակարգը, Մայր բուհը գիտական վերլուծություններով ամբողջացնում է պատկերը: Արդեն երկրորդ զեկույցն է, որ հրապարակում ենք: Մենք աշխատանքի շուկայում 2020 թվականից իրականացնում ենք աշխատուժի ընտրանքային հետազոտություն: Սա միջազգայնորեն ընդունված գրեթե միակ աղբյուրն է, և ընդունված մեթոդաբանություն է աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու առումով: Այս զեկույցի վրա մենք աշխատել ենք երկու տարի»,-ասել է Մ. Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ նման միջոցառումները շարունակական դարձնելու դեպքում արդյունքներն ապագայում տեսանելի կլինեն:

ԱՎԾ ղեկավարի խոսքով՝ հետազոտության նպատակը տնային տնտեսություններում վիճակագրական ուսումնասիրությունն էր, որի ընթացքում բնակչության անմիջական հարցումներով ստացվել է զբաղվածության ոլորտին վերաբերող շատ տվյալներ:

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ աշխատուժի ընտրանքային հետազոտությունն իրականացվել է միջազգային մեթոդաբանության համապատասխան,ինչը հնարավորություն է տալիս նաև ապահովելու ցուցանիշների միջազգային համադրելիությունը:

  • Կիսվել: