երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները

Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները

Պետության կողմից  Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների  փոխհատուցման նպատակով՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական տարվանից: Այս տարվա պետբյուջեում ուսանողների վարձավճարների փոխհատուցման գումարները կրկնակի  ավելացվել են հաշվի առնելով, որ պետք է փոխհատուցվեն նախորդ ուսումնականի և այս տարվա ուսանողների վարձավճարները, այլ նաև՝  Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների, վիրավորների ու տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման անհրաժեշտությունը: Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման համակարգում ներկայումս սովորում են ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 ուսանող:

Պետբյուջեով նախատեսվող ֆինանսական  միջոցներով հնարավորություն կընձեռվի գրեթե ամբողջությամբ ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը: Բացի այդ, կան բարեգործական կազմակերպություններ, որոնք,  նույնպես, 1 կամ երկու կիսամյակ կվճարեն որոշ կարգախմբերի  ուսանողների վարձերը: Գործում են նաև ուսանողական վարձավճարների փոխհատուցման՝ նախկինում հաստատված  պետական ծրագրերը: Այսպիսով, գրեթե ոչ մի ուսանող առանց վարձավճարի փոխհատուցման չի մնալու»,- նշել է Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:

  • Կիսվել: