երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի թիվն ավելացել է. Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի թիվն ավելացել է. Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

2021 թվականի նոյեմբերի 7-ից ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում նախորդ շաբաթվա համեմատ՝ 6-ով ավելացել է իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի թիվը: Ստացվել է ընդհանուր 57 հաղորդում, որից 44-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 42-ն արդեն բացահայտվել է:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բոլորը բացահայտվել են:

Թմրամոլության դեմ ուժեղացված պայքարը շարունակվում է: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից իրականացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ մեկական դեպքեր: Շաբաթվա ընթացքում ապօրինի ծառահատման 2 դեպք է արձանագրվել: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2 դեպք է գործադրվել: 

Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զենք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել մեկ քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում հետախուզում է հայտարարվել 2 քաղաքացու նկատմամբ:

Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք:

Նախորդ շաբաթվա համեմատ՝ նոյեմբերի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում 1 դեպքով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, որից 14-ը նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:

Վրաերթ է տեղի ունեցել Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում, որի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի: Վերջինս ձախ ձեռքի կոտրվածքով շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի:

Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 15 վարորդ, 11 վարորդ եղել է անսթափ վիճակում, 500-ը գերազանցել է սահմանված արագությունը:

Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

  • Կիսվել: