ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ոստիկանության պետը ՃՈ առաջին եռամսյակի աշխատանքները գնահատել է բավարար

Արցախի ոստիկանության պետը ՃՈ առաջին եռամսյակի աշխատանքները գնահատել է բավարար

2022 թվականի 1-ին եռամսյակի կատարած աշխատանքներն է ամփոփել Արցախի ՆԳ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը, որին մասնակցել և տեղում մի շարք հանձնարարականներ է տվել ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը։
 
ՃՈ ծառայողները նախ, մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 16-ին զոհված համածառայակից Ժիրայր Ենգիբարյանի հիշատակը: Այնուհետև հիմնական զեկույցով հանդես է ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանը։
 
2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը և նրա ենթակա ստորաբաժանումները որոշակի աշխատանքներ են կատարել ճանապարհային անվտանգ երթևեկության, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ:
 
Հաշվետու ժամանակաշրջանը ինչպես ամբողջ ոստիկանության, այնպես էլ ճանապարհային ոստիկանության համար եղել է բավականին ծանր և լարված ժամանակահատված, ինչի հետևանքով շատ հաճախ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներն իրականացվել են արտակարգ պայմաններում՝ զուգահեռ կատարելով նաև այլ աշխատանքներ:
 
Տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 14 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհ չկա և վիրավորվել են 22 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20 պատահարի, 5 զոհի և 22 վիրավորի դիմաց:
 
Ըստ բերված տվյալների հանրապետության տարածքում ճանապարհա-տրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 6-ով, զոհերի քանակը` նվազել է 5-ով, իսկ վիրավորների թիվը` մնացել է նույնը:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 4-ը տեղի է ունեցել արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության պատճառով, 9-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների պատճառով և 1-ը` նշանների և գծանշումների պահանջների չկատարման պատճառով:
 
Հաշվետու ժամանակահատվածում 18-ով աճել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը` 264 պատահար, նախորդ տարվա՝ 246-ի դիմաց:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա ճանապարհապարեկային ծառայության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվել են ճանապարհների և փողոցների՝ առավել մեծ քանակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և երթևեկության ինտենսիվությամբ հատվածներում:
 
Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով երթևեկող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի ուժերով իրականացվել են 60 ստուգայցեր (ուժեղացված ծառայություն),որի ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 1003 իրավախախտում:
 
2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության և նրա ենթակա ստորաբաժանումների կողմից ի հայտ են բերվել ճանապարհային երթևեկության կանոնների 7381 խախտում, 2021 թվականի նույն ժամանակահատվածի 3663-ի դիմաց:
 
Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակահատվածում փոխարինվել և նոր տեղադրվել է 26 ճանապարհային նշան, որից 15-ը՝ Ստեփանակերտ-Դրմբոն միջպետական ավտոճանապարհից դեպի Խնձրիստան համայնք տանող տեղական նշանակության ճանապարհին, 4-ը՝ Քռասնի գյուղ բնակավայրի վերաբերյալ, 1-ը՝ Ասկերան-Ստեփանակերտ 1-ին կմ ճանապարհահատվածում, մնացած 6-ը՝ Ստեփանակերտ քաղաքում:
 
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը ՃՈ տարվա առաջին եռամսյակի աշխատանքները գնահատել է բավարար և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ տվել մի շարք հանձնարարականներ:

 

  • Կիսվել: