երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի նախագահը՝ ամերիկյան տարբերակի, ապաշրջափակման և ապաէսկալացիայի մասին

Արցախի նախագահը՝ ամերիկյան տարբերակի, ապաշրջափակման և ապաէսկալացիայի մասին

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը, հայտնում է ՍիվիլՆեթը։

Ազատ Հայրենիք – ՔՄԴ դաշինքից պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը նախագահին, հարցրեց բանակցությունների վերաբերյալ ամերիկյան առաջարկության մասին, որի մասին գրել են լրատվամիջոցները․ «Կա՞ նման առաջարկություն, և արդյոք այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը»։ Հարությունյանն ասաց, որ եթե առանձին հանդիպում լինի, կներակայացնի պատասխանը։

Աղաբեկյանի երկրորդ հարցը վերաբերում էր Լաչինի միջանցքին․ «Ռուսական կողմը պաշտոնական խողովակով մի քանի անգամ հայտարարել է, որ միջանցքի բացումը կարող է ապաէսկալացիայի տանել։ Բանակցային ի՞նչ փուլում է [այս հարցը], ռուս խաղաղապահները ի՞նչ են ասում։ Արդյոք ապագայում հնարավո՞ր է որոշակի ապաէսկալացիա ապաշրջափակման միջոցով»։

Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ խաղաղապահների բանակցություններն ամեն օր ընթանում են ադրբեջանական կողմի հետ․ «Բայց քանի որ այստեղ ադրբեջանական կողմը միակողմանի փակման պատճառներից մեկը համարում է ամսի 15-ի կատարվածը, այդ առումով կար նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկման անհրաժեշտություն։ Հույս ունեմ, որ բացի խաղաղապահներից, տեղի կունենան նաև նման [Ադրբեջանի ու Հայաստանի միջև] քննարկումներ, որպեսզի հանգուցալուծվի այդ հարցը»։ Ավել տեղեկություն Հարությունյանը չցանկացավ հայտնել։

(Հունիսի 15-ին ադրբեջանցի զինվորականները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի հայկական հատվածում, փորձեց տեղադրել ադրբեջանական դրոշ։ Հայկական կողմից նախազգուշական կրակոցներից հետո ադրբեջանցիները հետ քաշվեցին։ Այս դեպքից հետո Բաքուն ամբողջապես փակեց Լաչինի միջանցքը, նաև հումանիտար բեռների համար)։

  • Կիսվել: