շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահն այցելել է տոհմային տնտեսություններ

Արցախի նախագահն այցելել է տոհմային տնտեսություններ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ hանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, վերջերս երկու տնտեսությունների հաջողվել է «Ջերսեյ» և «Ֆլեկվի» ցեղատեսակների տոհմային անասունների խոշոր գլխաքանակ ներկրել եվրոպական երկրներից:

Արայիկ Հարությունյանը կարևորել է կատարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում անասնապահությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների համար տոհմային անասունների ձեռքբերումը պետք է ավելի մատչելի դարձնել: Նա տեղում հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ այս բնագավառում գործող կարգի և պայմանների վերաբերյալ կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով:

  • Կիսվել: