շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ժողովրդի կողմից տրված քվեն հատուկ հանձնարարական է՝ իրականացնելու երկրի ընթացքն առավել լուսավոր ապագա. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի կողմից տրված քվեն հատուկ հանձնարարական է՝ իրականացնելու երկրի ընթացքն առավել լուսավոր ապագա. Արայիկ Հարությունյան

Խորհրդանշանական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում և հաղթական մայիսին: Այդ մասին երդմնակալությունից հետո հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:  

Նա նշեց, որ նվիրյալների կամքի ու ջանքի գնով մեզ հաջողվել է հասնել միասնական հայրենիք ունենալու մեծ երազանքին և 28 տարի պահպանել և զարգացնել այն, իսկ հիմա նոր երազանքներ դնելու և իրականացնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ և անհավանական:

«Ես հույս ունեմ, որ ԱԺ հաջորդ նիստը կկայանա Շուշիում: Կա ցանկություն, որ Ազգային ժողովը տեղափոխենք Շուշի ու մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք: Հիմա ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական, քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի, ժողովրդի համար բարեկեցիկ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ, մեծ հայրենադարձություն իրականացնելու, հայոց միացյալ հայրենիքի համամարդկային և միջազգային դերակատարության և պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ, համազգային երազանքներ ունենալու ուղղությամբ:  

Երդվում եմ՝ մեզ երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը այս և մի շարք այլ երազանքներ կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարեց Ա.Հարությունյանը: 

Արցախի նախագահը, դիմելով ՀՀ վարչապետին՝ հավաստիացրեց, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր հայրենիքին և պատրաստ է կիսել հայրենիքի առջև ծառացած բոլոր դժվարությունները: 

Նա վստահեցրեց, որ Արցախի ժողովրդի կողմից տրված քվեն հատուկ հանձնարարական է իրեն՝ իրականացնելու ժողովրդի հույսերը և իրականացնելու երկրի ընթացքը առավել լուսավոր ապագա:

  • Կիսվել: