ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի մշակութային արժեքների պահպանումը պետք է լինի միջազգային կառույցների օրակարգում․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մշակութային արժեքների պահպանումը պետք է լինի միջազգային կառույցների օրակարգում․ ԱՀ ՄԻՊ

Չնայած միջազգային հանրությունը, ընդհանոր առմամբ, պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար, այնուամենայնիվ, որոշ միջազգային կառույցներ վեր են դասում մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից և բարձրաձայնում դրանց պահպանության խիստ անհրաժեշտության մասին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է երկու հայտնի միջազգային հասարակական կազմակերպությունների` Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հնագետների ասոցիացիայի կողմից վերջերս տարածված համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության, ինքնատիպության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ, որն ինչպես նշված է հայտարարության մեջ, արտահայտում է այդ տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոնական անցյալն ու ներկան:

Հայտարարության մեջ երկու կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում պատշաճորեն ապահովելու տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականությունը, ինքնատիպությունն ու բազմազանությունը: Միևնույն ժամանակ, կոչ են անում ՅՈՒՆՍԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբին համատեղ ջանքերով լիարժեքորեն ապահովել տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, այդ թվում եվրոպական (միջազգային) փորձագետների անաչառ թիմ ուղարկելով տարածաշրջան՝ հարուստ մշակութային ժառանգության համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելու համար։

Պաշտպանն ընդգծում է, որ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նման կոչերը և գործուն քայլերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցների օրակարգում, լինեն պաշտպանված հավասար հիմունքներով` անկախ քաղաքական նպատակահարմարությունից:

  • Կիսվել: