ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ՄԻՊ-ը Նիդերլանդների խորհրդարանի անդամին է ներկայացրել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քայլերը

Արցախի ՄԻՊ-ը Նիդերլանդների խորհրդարանի անդամին է ներկայացրել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քայլերը

Ապրիլի 22-25-ը Հայաստան է այցելել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը:

Այցի ընթացքում Դոն Սեդերը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պաշտոնյաների հետ, ծանոթացել Արցախում տիրող իրավիճակին, ինչպես նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի ուղեկցությամբ խորհրդարանականը Գորիսում հանդիպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի և Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ:

Վահրամ Բալայանը շնորհակալություն է հայտնել Դոն Սեդերին Հայաստան այցի, հանդիպման, ինչպես նաև հայությանը հուզող հարցերի լուծմանն ուղղված իր քայլերի համար: Նրա խոսքով՝ արցախահայությունն իր ինքնորոշման իրավունքը ձեռք է բերել այդ ժամանակվա սովետական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. նպատակն է եղել իրականացնել մարդու ազատ ապրելու իրավունքն իր հայրենիքում: Նա ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով արցախահայության նկատմամբ այս 30 տարիների ընթացում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպանական քայլերը: Վահրամ Բալայանը խնդրել է Դոն Սեդերին Նիդերլանդների խորհրդարանում ներկայացնել բոլոր նշված փաստերը և հույս հայտնել, որ կպաշտպանվեն արցախահայության իրավունքները, քանզի Արցախում ապրում է եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ, որն ուզում է ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին:

ԱՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը հյուրին ներկայացրել է Թուրքիայի ցեղասպան քայլերը և հայատյացության դրսևորումները, որոնք արցախահայության նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է առ այսօր: Նրա խոսքով՝ Սովետական Միության փլուզումից հետո Արցախի ժողովուրդն արտահայտել է իր հայրենիքում ապրելու կամքը, ինչն Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես պայքար տարածքի համար: Նա նշել է, որ այսօր Արցախի ժողովուրդն ուզում է նույնը, ինչ 30 տարի առաջ՝ խաղաղ ապրել իր հայրենիքում: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի թշնամին ոչ միայն Արցախի հայերն են, այլև աշխարհի հայերը, ինչի մասին բացահայտ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Արմինե Ալեքսանյանը նշել է, որ անընդունելի է այն գաղափարը, համաձայն որի՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, և մարդիկ կարող են այնտեղ խաղաղ ապրել:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանը չի պատկերացրել, որ Արցախի ժողովուրդը պատերազմից հետո կվերադառնա Արցախ, բայց նրանք վերադարձել են և այսօր ապրում են շատ ծանր պայմաններում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի արցախցիները լքեն Արցախը: Արցախի օմբուդսմենը մանրակրկիտ ներկայացրել է արցախահայության նկատմամբ Ադրբեջանի դաժան և անմարդկային քայլերը: Նա նշել է, որ ինչպես 1915թ., այնպես էլ այսօր, աշխարհը լուռ է, սակայն ինքը հավատում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանվեն միջազգային հարթակներում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին և նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է գերիների վերադարձին: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի, ինչը կլինի ամենաարդյունավետ միջոցը և կստիպի Ադրբեջանին վերադարձնել բոլոր գերիներին:

Դոն Սեդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ բարձր է գնահատում այն հանգամանքը, որ արցախցիներն իրեն ներկայացրին, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են եղել նաև խորհրդարանում. նա առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ անցկացնել փորձաքննություն: Դոն Սեդերը շեշտել է, որ քայլեր են արվում, որպեսզի ապացուցվի՝ Արցախի դեմ իրականացված պատերազմում Ադրբեջանն ագրեսոր է և նրա դեմ կիրառվեն համապատասխան սանկցիաներ:

Դոն Սեդերի խնդրանքով Արցախի պաշտոնյաները պատասխանել են նրան հետաքրքրող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին արցախցիները շնորհակալություն են հայտնել հյուրին այցի և կառուցողական ու արդյունավետ հանդիպման համար:

Ապրիլի 24-ին Մերի Գալստյանի ուղեկցությամբ Դոն Սեդերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նա ծանոթացել է Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին:

  • Կիսվել: