կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի մի շարք համայնքներում գյուղատնտեսական նշանակության դասընթացներ կկազմակերպվեն

Արցախի մի շարք համայնքներում գյուղատնտեսական նշանակության դասընթացներ կկազմակերպվեն

«Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ-ն ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Հացի, Նորշեն, Եմիշճան համայնքներում և Ստեփանակերտ քաղաքում անվճար հիմունքներով կկազմակերպի «Ճագարաբուծական մթերքների արտադրության և կառավարման» կրթական ոչ ֆորմալ դասընթացների շարք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է կազմակերպության նախագահ Իրինա Գաբրիելյանը:

«Դասընթացները կլինեն ավանդական և ժամանակակից ճագարաբուծության, ճագարաբուծության դրական և բացասական կողմերի, սանիտարահիգիենիկ պայմանների, հիվանդությունների դեմ պայքարի, ճագարների կերակրման առանձնահատկությունների, վաճառքի և ճագարաբուծությունը՝ որպես ագրոբիզնես զարգացնելու բովանդակությամբ։ Մասնակցելու համար կարող են դիմել նրանք, ովքեր հետաքրքրված են գյուղարտադրությամբ: Դասընթացները Մարտունու շրջանի նշված համայնքներում կկազմակերպվեն փետրվարի 25-ին և 26-ին: Այդ և հարակից համայնքներում բնակվող հետաքրքրված անձինք կարող են դիմել նշված 5 գյուղերի համայնքապետարաններ՝ տեղում դիմում-հայտը լրացնելու համար կամ առցանց լրացնել այն հղմամբ: Ստեփանակերտում հանդիպում-դասընթացը կլինի փետրվարի 27-ին, «Պոլ Էլուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամում: Մասնակցության հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ, - նշել է Ի. Գաբրիելյանը և հավելել, որ հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը։

  • Կիսվել: