երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի մայրիկների ակումբի նախաձեռնությամբ կիրականանան պատերազմում զոհված և վիրավորված հերոսների երեխաների ամանորյա երազանքները

Արցախի մայրիկների ակումբի նախաձեռնությամբ կիրականանան պատերազմում զոհված և վիրավորված հերոսների երեխաների ամանորյա երազանքները

Ապրիլյան և 44-օրյա պատերազմում և դրանից հետո զոհված հերոսների, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած անձանց արցախաբնակ երեխաների ամանորյա երազանքներն իրականացնելու համար Արցախի մայրիկների ակումբը կրկին հանդես է եկել նախաձեռնությամբ:

Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի մայրիկների ակումբի հիմնադիր Լիլիթ Պետրոսյանը` մինչև 10 տարեկան արցախցի երեխաները նամակներ են գրում Ձմեռ պապին, որտեղ պատմում են իրենց սիրած զբաղմունքի, նախասիրությունների մասին: Այնուհետև երեխաների նամակները տեղադրվում են ակումբի ֆեյսբուքյան խմբում, իսկ նրանք՝ էլֆերը, ովքեր ցանկանում են իրագործել որևէ երեխայի ամանորյա երազանքը, նվեր- անակնկալներ են պատրաստում:
 
«Նամակը պետք է ձեռագիր լինի և երեխաները Ձմեռ պապին պիտի պատմեն իրենց մասին` ո՞վ են, քանի՞ տարեկան, ինչո՞վ են սիրում զբաղվել, ի՞նչ նախասիրություններ ունեն։ Իսկ մենք` էլֆերս, ելնելով երեխայի սեռից, տարիքից և բնույթից, կփորձենք նրա համար պատրաստել գեղեցիկ ամանորյա փաթեթավորմամբ անակնկալ֊նվեր: Նամակը պետք է ուղարկել նախաձեռնության համակարգողներից որևէ մեկին՝ Տաթևիկ Խաչատրյանին, Մարիամ Աբրահամյանին կամ ինձ: Եթե այն համապատասխանում է պայմաններին, ապա տեղադրում ենք խմբում։ Նամակ գրող երեխաների ծնողնե՛ր, նամակը նկարում և ուղարկում եք` գրելով ձեր հասցեն հեռախոսահամարը երեխայի ծննդյան վկայականը և ընտանիքի կարգավիճակի մասին վկայող փաստաթուղթ (ցավոք, սա միակ ձևն է, որպեսզի զերծ մնանք խաբեբաներից)»,-նշել է Լ. Պետրոսյանը:
 
Նրա խոսքով՝ այդ նամակների հիման վրա երեխաների համար ամանորյա նվերներ պատրաստելու համար անհրաժեշտ է ընտրել խմբում տեղադրված նամակներից մեկը (կամ մի քանիսը՝ ըստ ցանկության և հնարավորությունների) և մեկնաբանություններում նշել, որ ցանկանում են լինել տվյալ նամակ(ներ)ի էլֆը, իսկ նախաձեռնության համակարգողները անձնական նամակով կփոխանցեն դրանց հեղինակ(ներ)ի տվյալները:
 
«Սփյուռքի էլՖերի համար բացառություն է գործում: Նրանք եթե ցանկություն ունեն մասնակցել, սակայն ֆիզիկապես հեռու լինելը խանգարում է, կարող են ընտրել նամակը, փոխանցել նախատեսած գումարը «Ինեկոբանկ»-ի (INECOBANK)-ի հետևյալ հաշվեհամարին` 2051070654221001: Այնուհետև անհրաժեշտ է ինձ գրել գումարի չափն ու փոխանցման ամսաթիվը և մեր կամավորները կկազմակերպեն համապատասխան գործընթացը»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ հավաստելով, որ անցած տարի նախաձեռնությունը դրական արձագանքի է արժանացել բոլոր մասնակիցների կողմից:
 
«Արցախի մայրիկների ակումբում որոշեցինք այս տարի ևս կազմակերպել, որովհետև բազմաթիվ մայրեր մեծ պատրաստակամությամբ պատրաստ են ամանորյա տրամադրություն պարգևել պատերազմի հետևանքով տուժած երեխաներին»,-ընդգծեց ակումբի հիմնադիր Լ. Պետրոսյանը։

  • Կիսվել: