հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հեկտարից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հեկտարից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Արցախի Մարտունու շրջանի 27 հազար 133,1 հեկտար վարելահողերից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության ներքո է անցել 15 հազար 792,1  հա-ը, որից` 8 հազար 603,8 հա վարելահող, 7 հազար 188,3 հա պետպահուստային ֆոնդ, մշակված` 6 հազար 418.48 հա և  250 հա վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել:

Այս մասին Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթին տեղեկացրել են շրջվարչակազմի գյուղատնտեսական բաժնից:

«Մինչև պատերազմը շրջանի առկա վարելահողերից մշակվում էր մոտ 22 հազար հեկտարը: Ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում  308,29 հա  խաղողայգի, 230 հա նռան և 62,27 հա պտղատու այգի»,-մանրամասնել են Մարտունու շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնից:

Բացի այդ, «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տեղեկատվությամբ՝ Մարտունու շրջանում պատերազմի ընթացքում,  հրետակոծության հետևանքով  սատկել է` 578 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 872 գլուխ մանր եղջերավոր, 820 գլուխ խոզ, ինչպես նաև  կորել` 792 գլուխ խոշոր եղջերավոր, 565 գլուխ մանր եղջերավոր անասուն:

Պատերազմի ընթացքում Մարտունու՝  ադրբեջանական վերահսկողության  ներքո հայտնված գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների որոշակի քանակություն մնացել է հակառակորդի վերահսկողության տակ:

Մարտունու շրջանի տարբեր համայնքների ղեկավարների տրամադրած նախնական տվյալներով` հակառակորդի վերահսկողության տակ է մնացել նաև 15 կոմբայն, 105 տրակտոր և 100-ից ավելի գյուղատնտեսական այլ սարքավորումներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: