Արցախի խորհրդարանում հյուրընկալել են մի խումբ դպրոցականների
Դեկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է բնագիտական առարկաներից առաջադիմություն ցուցաբերած մի խումբ դպրոցականների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երիտասարդության դերը պետականաշինության գործում՝ ընդգծելով օրենսդիր մարմնում աշխատող երիտասարդ պատգամավորների ակտիվությունը:

Արթուր Թովմասյանը ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, խորհրդարանական աշխատանքի էությունը, անդրադարձել է ընդդիմության դերին: Նաև խոսել է 44-օրյա պատերազմից ու ետպատերազմյան իրողություններից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան երեք պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը:
Պատասխանելով դպրոցականների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին:
Հանդիպմանը խոսվել է նաև կրթության զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ բնագիտական առարկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Արթուր Թովմասյանը դպրոցականներին նվիրել է «Շուշի» գիրքը՝ հորդորելով լինել ընթերցասեր և ուսյալ։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը: