Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն
Արցախի տեղեկատվական շտաբ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում արված այն հայտարարությանը, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել:
«Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:
Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:
Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…»,- ասված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ ավելի ուշ պատգամավորը ներողություն է խնդրել արցախյան
վերջին ճակատամարտի զոհերի թիվը սխալ նշելու համար։
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև», - գրել է Սուքիասյանը։