չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախի հողում մնացած տղաներին եմ ասում՝ մենք վերադառնալու ենք. այդ վերածնունդը հեռու չէ. Հաջիյան

Արցախի հողում մնացած տղաներին եմ ասում՝ մենք վերադառնալու ենք. այդ վերածնունդը հեռու չէ. Հաջիյան

Այսօր խորհդանշական իրադարձություն է տեղի ունենում Եռաբլուր պանթեոնում, որտեղ պետք է իրականացվեն արցախյան ազատամարտում նահատակված մեր քաջազուն զավակների հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Եռաբլուրում հայտարարեց արցախցի լրագրող, գրող, 2 զոհվածի հայր Միքայել Հաջիյանը:

«Ես դիմում եմ մեր բոլոր այն տղաներին, որոնք մնացել են Արցախում՝ մայր հողում և որոնց հոգիները սավառնում են Արցախի երկնքում՝ սպասումով լի վստահությամբ, որ մենք բոլորս անպայման պետք է վերադառնանք, անպայման պետք է տեր կանգնենք մեր հայրենի հողին, նրանց գերեզմաններին, Արցախյան բոլոր քաղաքակրթական արժեքներին, քրիստոնեական, մշակութային և այլն:

Ես հավատացնում եմ տղաներին, տղե՛րք ջան, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ հետ ենք, մենք անպայման վերադառնալու ենք: Ես հավատացնում եմ ձեզ՝ դա երազանք չէ, դա նպատակ է, նպատակ, որ պարտադիր իրականացման է ենթակա, մենք անպայման կգանք»,- հայտարարեց նա։

Ապա, դիմելով Եռաբլուրում հավաքվածներին, ասաց, որ անկախ յուրաքանչյուրիս կուսակցական կամ այլ պատկանելիությունից, համախմբված պետք է լինենք:

«Եկեք սոցիալական ցանցերը չլցնենք պառկատող նյութերով, եկեք հասկանանք իրար, եկեք իմանանք, որ մենք միասնաբար կարող ենք միայն իրագործել մեր գլխավոր նապատակն Արցախի ազատագրումը, և Արցախ՝ մեր արժանապատիվ վերադարձը: Մենք անպայման կվերադառնանք տուն ու կկառուցենք մեր անկախ ու ուժեղ Արցախը, այդ վերածնունդը հեռու չէ»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: