շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի հայերը կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ֆրանսահայ լրագրող

Արցախի հայերը կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ֆրանսահայ լրագրող

Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել  ֆրանսահայ լրագրող, հետազոտող Տիգրան Եգավյանի հետ՝  Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին։

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ նա, մասնավորապես, նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ալիևի ռեժիմը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել սահմանին գտնվող հայկական մի քանի բնակավայրերի վրա։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ երկրում սպանվել է 207 հայ, իսկ 8000 հայ խաղաղ բնակիչ տեղահանվել է։ Հարձակումը եղել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում, այլև ողջ հայկական տարածքում։

Եգավյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի 75%-ը անցել է Բաքվին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը իշխանության է 2003 թվականից, օգտվում է իրեն ձեռնտու միջազգային իրավիճակից՝ «վերցնելու այն, ինչ մնացել է հայկական Լեռնային Ղարաբաղից», - նշում է Տիգրան Եգավյանը:

Ալիևների ընտանիքը կարծում է, որ հարցը կլուծվի այն օրը, երբ տարածաշրջանը կդառնա ադրբեջանական։ Հայերը ադրբեջանցիների հետ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Ադրբեջանը  պահանջում է ոչ միայն լքել Ղարաբաղը, այլ նաև ցանկանում է արտատարածքային միջանցք։

«Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների վտանգի տակ է։ Ամեն անգամ, երբ ադրբեջանցիները նվաճում են հայկական այս տարածքները, նրանք ձեռնամուխ են լինում եկեղեցիների ավերման, խաղաղ բնակիչներին ծաղրելու, գերեզմանատներ քանդելու և անունները վերագրելու գործին։ Հիմա խոսքը «դեարմենիզացիայի» կամ նույնիսկ էթնոցիդի մասին է, քանի որ հայկական ներկայության մասին վկայող յուրաքանչյուր կրոնական կամ աշխարհիկ հուշարձան համակարգված ոչնչացվում է։ Արցախի (Ղարաբաղի) հայերը կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ, քանի որ Հայաստանն այլևս նրանց անվտանգության երաշխավոր երկիրը չէ»,- նշել է Եգավյանը։

  • Կիսվել: