հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Արցախի հարցը հայոց հարցից անջատ չպետք է դիտարկենք. Սրբազան

Արցախի հարցը հայոց հարցից անջատ չպետք է դիտարկենք. Սրբազան

Մենք սխալվելու ենք այն ժամանակ, երբ Արցախի հարցն առանձնակի դիտարկենք ընդհանուր համահայկական փաթեթից, հայոց հարցից։ Այս մասին այսօր արցախահայերի հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Շատ ուղիղ եմ ասում՝ պատերազմը իրենք են բերել իրենց ապաշնորհ լինելու պատճառով։ Հիմա մենք շատ փխրուն ու անպատրաստ ենք, ու ստիպված ենք լինում մեր հայրենիքը կտոր-կտոր, պատերազմի սպառնալիքի ներքո ուղղակի զիջել։ Թե հետո ինչ կլինի դրա հետևանքով, կարծես ոչ մեկին չի հետաքրքրում։

Հարցի բարոյական մասը մեզ համար կրկնակի կարևոր է։ Գործընթացը սկսել է ստով ու սուտը սկսել է դեռ 2018 թվականից, գիտենք, թե ստախոսն ով է, ստի արտաբերողն ով է։ Այս ստի մշակույթը պետք է կանգնեցվի։ Սա ավելի կարևոր է, քան իրավական ու մնացած կետերը, սա ստի ու ճշմարտության պայքար է, այլընտրանք չկա, ճշմարտությունը պետք է հաղթի, եթե ուզում ենք կյանքի շարունակականություն ունենալ։

Հրապարակի վրա դրված տեսանյութը դեռևս ոչ ոք չի հերքել, որովհետև մենք ճշմարությամբ խոսել ենք ստի մասին, ամեն օր սպասելու եմ, որ մեկը հերքի, բայց չենք հերքելու։ Այս շարժումը հաշտության մասին է, բայց ոչ ոք չկարծի, որ այդ հաշտությունը ենթադրում է լղոզված հարաբերություններ։

Եթե հաշտության հիմքը արդարությունը կամ արդարադատությունը չէ, այդ հաշտությունը իմաստ չունի։ Մեր երկիրը պետք է մեղսալիցներից, մեղավոր  հասարակությունից վերացվի ու դառնա արդարների հասարակություն։ Հետևաբար հաշտության օրակարգը չի ենթադրում չարդարադատություն»,- ասաց նա։

Գալով Արցախի հարցին՝ Սրբազանն ասաց․

«Մենք սխալվելու ենք այնքան ժամանակ, ինչքան Արցախի հարցը կառանձնացնենք ընդհանուր համահայկական փաթեթից։ Արցախի հարցը ոչ մի բանով պակաս չէ Ցեղասպանության հարցից ու ավելին՝ Ցեղասպանության հետևանքով առաջացած խնդիր է այն։

Այն չպետք է դառնա Արցախյան պատերազմ, Արցախյան հարց, պետք է դառնա հայրենական ու տարանջատված չլինի, արցախցին ոչ մի բանով տարբեր չէ տավուշեցուց, շեշտադրումը պետք է լինի ոչ թե Արցախը, այլ հայությունը։

Իմ պատկերացմամբ Արցախյան խնդիրը պետությունից պետք է տեղափոխեն մարդուն։ Արցախցիները այսօր տանն են ու այստեղ են տանտիրոջ իրավունքով, օտար ու տարբեր լինելու զգացում չպետք է մտցվի, մեր ամբողջ ջանքերը ուղղված են լինելու սրանք վերացնելուն»։

  • Կիսվել: