կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականները Բեռլինում հանդիպել են ՀՀ դեսպանի և Գերմանահայկական ֆորումի վարչության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականները Բեռլինում հանդիպել են ՀՀ դեսպանի և Գերմանահայկական ֆորումի վարչության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականներԱզատուհի Սիմոնյանը և Լուսինե Ղարախանյանը Գերմանիայում շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում Բեռլինում հանդիպում են ունեցել Գերմանիայում ՀՀ Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Գերմանահայկական ֆորումի վարչության հետ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

«Բեռլինում մեր այցը մեկնարկեցինք, Գերմանիայի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն՝ հանդիպելով դեսպան Վիկտոր Ենգիբարյանին:

Դեսպանատանը նախապես կազմակերպվել էր մեր հանդիպումը 2015 թվականին Բեռլինում հիմնված Գերմանա-Հայկական ֆորումի և նրա վարչության հետ։ Հանդիպեցիքն վարչության 3 անդամներին՝ Հանս-Յոխեն Շմիդտի գերմանացի երկարամյա դիվանագետ, Հայաստանում Գերմանիայի Դեսպան 2009-2012 թթ., Էրիկ Նիլս Ֆոյթի՝ Գերմանիայի Ներքին Գործերի նախարարություն, վարչական գործերով նախարարության շահերի իրավապաշտպան, քաղաքագետ, պրոֆեսոր, 1993-2017 Բեռլինի Եվրոպական ակադեմիա կենտրոնի տնօրեն, պրոֆ. Էքարտ Ստրատենշուլտեի հետ։

Հայաստանը և Արցախը լավ ճանաչող, հայ ժողովրդի պատմությանը տեղյակ մեր գործընկերների հետ առիթ ունեցանք մանրամասն քննարկելու Արցախի ներկա իրավիճակը, ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները ուղղված արախհայությանը:

Եվս մեկ անգամ նշեցինք, որ Արցախի Հանրապետության և արցախահայության համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անսակարկելի է և մենք շարունակում ենք մեր պայքարը Արցախի միջազգային ճանաչման համար: Խոսք գնաց նաև պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիների խնդիրների, հումանիտար և սոցիալական կարիքների մասին, Արցախի միջազգային մեկուսացման և այդտեղ քաղաքակիրթ աշխարհի հնարավոր կանխարգելիչ անելիքների մասին»,- նշել է է Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ Բեռլինում հանդիպումները շարունակվել են, որի մասին մանրամասներ կներկայացնի հաջորդիվ:

  • Կիսվել: