Արցախի համայնքները սոցիալական աշխատողներ կունենան
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանավորությամբ Արցախում անց են կացվում սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները վարում են Երևանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, Երևանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն ասել է, որ դասընթացների առաջին փուլը մեկնարկել է ապրիլի 2-ին, որին մասնակցել են հանրապետության սոցիալական գերատեսչության 25 աշխատակիցներ, ինչպես նաև այդ ասպարեզում մասնագիտանալու ցանկություն հայտնած այլ անձինք:
Մ. Անտոնյանի խոսքով՝ դասընթացի նպատակն է անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և ոլորտին առնչվող տեղակատվական բազայի փոխանցմամբ Արցախում կայուն հիմքերով ամրապնդել սոցիալական աշխատողի ինստիտուտը:
«Նախատեսվում է մեկ շաբաթ հետո դասընթացին մասնակցած 17 սոցաշխատողի աշխատանքի տեղավորել Արցախի տարբեր համայնքներում: Դասընթացի երկրորդ փուլը կմեկնարկի մեկ շաբաթից, որին կմասնակցի ևս 25 քաղաքացի: Երկրորդ փուլի կազմակերպման հովանավորը կլինի հայ կրթական հիմնարկությունը: ԱՀ կառավարությունը խոստացել է, որ սեպտեմբերի 1-ից հանրապետությունում սոցիալական աշխատողների համար 35 նոր աշխատատեղ կբացի: Քաղաքացիների խորհրդատվություններն ամբողջովին լինելու են անվճար հիմունքներով»,- ավելացրել է Մ. Անտոնյանը:
Նրա խոսքով՝ Արցախում անհրաժեշտ են սոցիալական աշխատողներ, ովքեր կլուծեն քաղաքացիների սոցիալական հոգեբանության մի շարք խնդիրներ, ցույց կտան այն ուղիները, որոնց շնորհիվ հետպատերազմյան իրավիճակում ապրող բնակիչները կհաղթահարեն իրավիճակը: Արցախում առաջնային է սոցիալական աշխատանքի հմուտ մասնագետներ ունենալը: