երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ՀՀ-ում մասնակցել է Բերքի տոնին

Արցախի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ՀՀ-ում մասնակցել է Բերքի տոնին

Հոկտեմբերի 22-23-ը ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը, նախարար Նորայր Մուսայելյանի գլխավորությամբ, մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ամենամյա «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» բացօթյա փառատոնին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Բերքի տոնի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Նորայր Մուսայելյանը, ով ընդգծել է ՀԿ-ի կողմից իրականացվող առաքելության կարևորությունն ու նշել, որ վերջինիս գործունեությունը կարող է հիանալի օրինակ ծառայել նաև Արցախի համար:

Հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է հայ ֆերմերների, նրանց ընտանիքների, ինչպես նաև ֆերմերների հետ համագործակցող անհատների ու կազմակերպությունների եկամուտի ու կենսամակարդակի բարձրացմանը՝ միջազգային առաջատար կազմակերպությունների հետ գործարար, ուսումնական, խորհրդատվական կապերի ապահովման միջոցով:
Ամենամյա փառատոնին այս տարի մասնակցել են հարյուրավոր տնտեսություններ և կազմակերպություններ՝ վաճառքի հանելով օրգանիկ գյուղատնտեսական մթերքների, հրուշակեղենի, պահածոների, ձեռագործ հուշանվերների և խմիչքների բազմազան տեսականի:

Արցախից ևս իրենց մասնակցությունն են բերել մի քանի տնտեսավարողներ,այդ թվում «Հաթերք ֆուդ» ընկերությունն իր արտադրանքի տեսականիով:

ՀՀ մեկնած պատվիրակության կազմը համալրում էին ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության, ինչպես նաև անասնաբուծության և անասնաբուժության վարչությունների պետերը, մի շարք այլ մասնագետներ:

Բերքի փառատոնն ուղեկցվել է ավանդական մշակութային միջոցառումներով:

  • Կիսվել: