կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Արցախի գիտական կենտրոնում մշակված տեխնոլոգիայի հիման վրա նախատեսվում է ևս մեկ արտադրամաս գործարկել . տնօրեն

Արցախի գիտական կենտրոնում մշակված տեխնոլոգիայի հիման վրա նախատեսվում է ևս մեկ արտադրամաս գործարկել . տնօրեն

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, նշվում է Գիտության միջազգային օրը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանն անդրադարձել է իրենց ձեռքբերումներին ու ներկայում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:

«Գիտական Կենտրոնը իր գործունեության 15 տարիների ընթացքում իրականացրել է 100 գիտահետազոտական ծրագիր, որից 19-ը՝ 2022 թվականի ընթացքում: Նշված ծրագրերից հինգը իրականացվում են Հայաստանի Հանրապետության Գիտության կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների առաջատար գիտաշխատողների ընդգրկմամբ: Ծրագրերի իրականացման արդյունքներով Գիտական կենտրոնի գիտաշխատողներից երկուսը պաշտպանել են դոկտորական ատենախոսություններ, իսկ յոթը՝ թեկնածուական։ Առաջիկայում մեր գիտաշխատողները կպաշտպանեն ևս 4 թեկնածուական ատենախոսություն»,- տեղեկացրել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում Կենտրոնի գիտաշխատողները մասնակցել են միջազգային գիտաժողովների, նախապատրաստել և հրատարակել մոտ 40 գիտական հոդվածներ, որոնցից 9-ը բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում:

Տնօրենն Արցախի Գիտական կենտրոնի գլխավոր առաքելությունը համարում է համապատասխան կադրերի պատրաստումը, կիրառական բնույթի՝ պահանջարկ վայելող գիտաարտադրական հետազոտությունների իրականացումն ու դրանց ներդրումը տնտեսության մեջ: Գիտական կենտրոնի տնօրենը գոհունակությամբ է փաստում, որ Արցախի տնտեսության տարբեր բնագավառներում արդեն իսկ ներդրվել են բնագիտական բնագավառի գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:

«Ընթացիկ տարվա փետրվարից Կենտրոնում գործարկվել է «Նարինե+» ֆունկցիոնալ կաթնամթերքի արտադրամասը, որը մեծ պահանջարկ ունի սպառողի կողմից։ Դրանում անուրանալի դեր ունի ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտարտադրական կենտրոնի գիտական ներուժը, հատկապես կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:

Ա. Սարգսյանի տեղեկատվությամբ՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի անմիջական աջակցությամբ՝ 7 գիտահետազոտական ինստիտուտների ներգրավվմամբ և հիմնականում իրենց միջոցներով, Արցախի գիտական կենտրոնում ստեղծվել են գիտության տարբեր բնագավառներ ընդգրկող լաբորատորիաներ, որտեղ աշխատանքներ են ծավալում խոստումնալից երիտասարդ մասնագետներ: Առաջիկա անելիքներից՝ Անյուտա Սարգսյանն նշել է, որ նախատեսում են առաջիկայում Արցախի գիտական կենտրոնում մշակված տեխնոլոգիայի հիման վրա ևս մեկ արտադրամաս գործարկել:

«Խորացնելու ենք սերտ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ տարբեր գիտահետազոտական ինստիտուտների և օտարերկրյա գիտական կազմակերպությունների հետ, որը նոր հնարավություն կընձեռի ընդգրկվելու գիտական միջազգային համագործակցության ասպարեզում, ինչը բարերար ազդեցություն կթողնի Արցախի գիտական կենտրոնի գիտական ներուժի արդյունավետության բարձրացման և այլ երկրների գիտական կազմակերպությունների հետ անմիջական շփումներ ստեղծելու համար: Շարունակելու ենք արդիական նշանակություն ունեցող գիտահետազոտական ծրագրերի իրականացումը»,-ընդհանրացրել է տնօրենը։

  • Կիսվել: