չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախի բժիշկ-մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ և արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում. նախարար

Արցախի բժիշկ-մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ և արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում. նախարար

ԱՀ բուժհիմնարկների բժշկական կադրերի դեֆիցիտը լրացնելու նպատակով «Հայ առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի և ԱՀ առողջապահության նախարարության միջև կնքված «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում 27 բժիշկ- մասնագետներ ՀՀ-ից գործուղվել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«Բացի այդ, մարդասիրական տարբեր ծրագրեր են իրականացվում նաև «ՎԻՎԱ», «Մենք ենք», «Ավրորա» կազմակերպությունների հետ: Պետք է ընդգծել նաև «Հայ-մեդ» կազմակերպության ղեկավար, ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էքերյանի ավանդը համակարգի զարգացման ու բնակչության բուժսպասարկման գործում: Մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով վերապատրաստման են ուղեգրվել առողջապահական համակարգի 14 բժիշկներ, ընդ որում` 9-ը՝ ՀՀ, 5-ը՝ արտերկիր: Շարունակվել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որը իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում 2021թ. տեղում վերապատրաստվել են Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների 107 համայնքային բուժքույրեր: 2021թվականին, համաձայն կառավարության համապատասխան որոշման, շրջանային բժշկական հաստատությունները բժիշկ-մասնագետներով համալրելու նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրվել պետական պատվերի շրջանակներում ուսում ստացած բժիշկ-մասնագետին: Ծրագրի շրջանակներում նորավարտ 1 բժշկի (Մարտակերտի ՇԲՄ դիմածնոտային վիրաբույժ) աշխատավարձի համար սահմանվել է 50 տոկոս հավելավճար», - նշել է Մ. Հայրիյանը:

  • Կիսվել: