Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ
Բնակտարածքի սեփականատեր` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից բնակտարածքի գնման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի բաժնի վարիչ Մարիաննա Պետրոսյանը:
«Բնակատարածքի առաջարկի հայտն ընդունվում է, եթե բնակտարածքի սեփականատերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված չէ ԱՀ-ում և առնվազն 5 տարի փաստացի բնակվում է ԱՀ տարածքից դուրս, բնակտարածքի սեփականատերը հաշվառված է ԱՀ-ում և առնվազն 10 տարի փաստացի բնակվում է ՀՀ-ում, բնակտարածքի սեփականատերը հաշվառված է Արցախի Հանրապետությունում և առնվազն 7 տարի փաստացի բնակվում է ԱՀ-ից և ՀՀ-ից դուրս այլ երկրներում, կարգով սահմանված այլ դեպքերում», - նշել է Մ. Պետրոսյանը և հավելել, որ կոմիտե ներկայացվող բնակտարածքի առաջարկի հայտին կցվում են օտարման ենթակա բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածքի սեփականատիրոջը կամ նրա ամուսնուն սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող մեկ այլ բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, անշարժ գույքի անկախ գնահատողի կողմից կազմված՝ օտարման ենթակա բնակտարածքի գնահատման հաշվետվությունը, բնակտարածքի առաջարկի հայտն ընդունվելու դեպքում` այլ փաստաթղթեր։
Մեր զրուցակցի խոսքով՝ ժամանակային առումով սահմանափակումներ նախատեսված չեն. բնակտարածքի առաջարկի հայտերն ընդունելու են այնքան ժամանակ, մինչև բոլոր շահառուներն ապահովվեն բնակարանով:
«Բնակտարածքի առաջարկի հայտով ներկայացված` Ստեփանակերտ քաղաքում երկրորդային շուկայի` մինչև 2015 թվականը կառուցված բնակարանի 1մ/ք-ի գինը կազմում է մինչև 225 600 դրամ, 2015 թվականին և դրանից հետո կառուցված բնակարանի 1մ/ք-ի գինը` մինչև 282 000 դրամ, մինչև 2015 թվականը կառուցված բնակելի տան 1մ/ք-ի գինը` մինչև 197 400 դրամ, 2015 թվականին և դրանից հետո կառուցված բնակելի տան 1մ/ք-ի գինը կազմում է մինչև 244 400 դրամ: Այլ քաղաքային համայնքներում երկրորդային շուկայի բնակարանի 1մ/ք-ի գինը` մինչև 112 800 դրամ, իսկ բնակելի տան 1մ/ք-ի գինը` մինչև 94 000 դրամ: Գյուղական համայնքում բնակտարածքի գնման և վերանորոգման հանրագումարային արժեքը սահմանվում է մինչև 12 000 000 դրամ, իսկ գնման և վերակառուցման հանրագումարային արժեքը` մինչև 20 000 000 դրամ», - նշել է Մ. Պետրոսյանը: