ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը

Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը

Արձագանքելով «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրավաքի մասնակիցների պահանջին՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միջնորդական առաքելություն է ստանձնել հանրահավաքի մասնակիցների և ԱՀ Նախագահի միջև՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու Սամվել Բաբայանին ԱՀ պետական նախարարի պաշտոնում նշանակելու հանրային պահանջի վերաբերյալ։

Արցախում այս վայրկյանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ: Այս մասին այսօր՝ Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախում այս պահին կան 120 հազար հայրենապաշտ մարդիկ, որովհետեւ հայրենիքը պաշտողը կարող է այստեղ ապրել: Հայրենասեր մարդիկ այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախի սահմաններից դուրս, եւ Արցախը չեն մոռանում: Աշխարհում ապրում է մոտ 2 միլիոն արցախցի, բայց այստեղ է 120 հազարը: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակության մեջ բեւեռներ չառաջանան: Հույսն ու հավատը գործի կեսն է: Եթե մենք հավատում ենք, որ այս սուրբ հողը պետք է հայկական պահենք,եւ  այստեղ հայեր պիտի ապրեն, ապա մենք պետք է համերաշխ ու հանդուրժող լինենք: Եթե մեզ լքի համերաշխությունն ու հանդուրժողականությունը, ապա մենք կորցնելու ենք Արցախը, եւ դրա պատասխանատուները ցանկացած հարահավաքի առաջնորդներ»,- հայտարարեց Արթուր Թովմասյանը:

Նա ասաց, որ հանրահավաքի մասնակիցների պահանջները ինքը կներկայացնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Այսօրվանից այս վայրկյանից ես հայտարարում եմ քաղաքական կոնսուլտացիաներ: Խնդրելու եմ գործող նախագահին, որպեսզի սկսի այդ քաղաքական կոնսուլտացիաները: Եթե քաղաքական կոնսուլտացիաներից հետո արցախյան քաղաքական ուժը, որը երկրորդն էր Խորհրդարանում, չբավարարի, ապա դուք կարող եք սրանից ավելի հուժկու հանրահավաքներ անել եւ ասել, որ համաձայն չեք:

Ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ճանապարհային քարտեզին, մյուս կողմի ճանապարհային քարտեզին, թե որն է իրատեսականը, դա կանենք մեր քննարկումների ժամանակ»:

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին՝ Թովմասյանն ասաց. «Միշելն Ալիեւի եւ Փաշինյանի հետ խոսել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, նրա ժողովրդի անվտանգության եւ իրավունքի մասին, ոչ թե ինքնորոշման իրավունքի մասին. դա Շարլ Միշելի կարծիքը չէ, դա Արեւմուտքի հավաքական կարծիքն է: Արցախի հիմնախնդրի լուծման բանալին տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Ռուսաստանի Դաշնության կարծիքը նույնպես պարզ է: Հնչում է, որ գործ չենք անում, գիշերս ու ցերեկս խառնվել են իրար»:

 

  • Կիսվել: