շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ն կքննարկի պայմանագրային զինծառայողների ու պահեստազորի տարիքային շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

Արցախի ԱԺ-ն կքննարկի պայմանագրային զինծառայողների ու պահեստազորի տարիքային շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 15-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ օրինագծով առաջարկվող փոփոխությունները, ըստ որի նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու, պահեստազորի խմբերում և պահեստազորում գտնվելու տարիքային սահմանաչափերը, պայմանավորված են Արցախում հետպատերազմյան իրավիճակով և զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությամբ:
 
Նախատեսվող փոփոխությամբ՝ Արցախի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
 
Օրինագծով նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ, առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը՝ շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար սահմանել՝ 45 տարեկանի փոխարեն՝ 55 տարեկան, կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 48 տարեկանի փոխարեն՝ 57, ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանի փոխարեն՝ 59, ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանի փոխարեն՝ 61, բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանի փոխարեն՝ 63. իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ սահմանային տարիքը թողնել անփոփոխ (65 տարեկան):
 
Հաշվի առնելով, որ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքների հետ անմիջական կապի մեջ է գտնվում զինված ուժերի պահեստազորային համակարգը, և այն, որ զինծառայողը չի կարող զինվորական ծառայության մեջ գտնվել ավելի բարձր տարիքում, քան նախատեսված է պահեստազորում հաշվառման համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել համաչափ բարձրացնել նաև պահեստազորայինների՝ պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը:
 
Ըստ այդմ՝ պահեստազորի առաջին խմբում կհաշվառվեն շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 55 տարեկանը՝ գործող 48-ի փոխարեն, կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները` մինչև 57 տարեկանը՝ 50-ի փոխարեն, ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 59 տարեկանը՝ 55-ի փոխարեն, ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 61 տարեկանը՝ 58-ի փոխարեն:
 
Պահեստազորի երկրորդ խմբում կհաշվառվեն շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 56 տարեկանը՝ 50-ի փոխարեն, կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները` մինչև 58 տարեկանը՝ 52-ի փոխարեն, ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 63 տարեկանը՝ 58-ի փոխարեն, ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը՝ 60-ի փոխարեն:
 
ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, որը կընդգրկվի Արցախի խորհրդարանի առաջիկա արտահերթ նիստի օրակարգում:

  • Կիսվել: