երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ն դիմել է Գերագույն դատարան՝ որոշելու Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականության հարցը

Արցախի ԱԺ-ն դիմել է Գերագույն դատարան՝ որոշելու Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականության հարցը

Արցախի Ազգային ժողովի նոյեմբերի 3-ին գումարված հերթական նիստում որոշվել է դիմել երկրի Գերագույն դատարան՝ Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ը:

ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:
Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով:

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը»:

 

  • Կիսվել: