ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Արցախի սահմանադրության փոփոխության նախագիծը. Առարկություններ չեն եղել

Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Արցախի սահմանադրության փոփոխության նախագիծը. Առարկություններ չեն եղել

Նոյեմբերի 2-ին  հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի գլխադասային հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգի միակ հարցը խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր, որով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը:

Նախագծի վերաբերյալ  նախատեսված գրավոր  առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր  մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:

Հիմնական զեկուցող  ԱՀ Նախագահին առընթեր  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի  նախագահ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը  տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

ԱԺ պետաիրավական հարցերի գլխադասային  հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը հայտարարեց, որ հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հերթական նիստում:

  • Կիսվել: