երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
 Արցախի ավելի քան 500 երեխաներ ու ընտանիքներ սոցիալական մասնագետների աջակցություն ստանալու հնարավորություն կունենան

Արցախի ավելի քան 500 երեխաներ ու ընտանիքներ սոցիալական մասնագետների աջակցություն ստանալու հնարավորություն կունենան

Մեկնարկել է «Արցախի սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման» ծրագիրը, որն իրականացնում է Հայ օգնության ֆոնդը՝ համագործակցելով Արցախի Հանրապետության աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ: Այս մասին հայտնում են Հայ օգնության ֆոնդից՝ հավելելով, որ ծրագիրն իրականացվում է Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ:

 
Ծրագիրը նպաստելու է Արցախում համապարփակ ու գրագետ համակարգ հիմնելուն, որը թույլ կտա զորավիգ լինել Արցախի ազգաբնակչությանը սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցում։
 
Արդյունքում՝ Արցախի բոլոր շրջաններում բնակվող ավելի քան 500 երեխաներն ու իրենց ընտանիքները շարունակական մասնագիտական աջակցություն ստանալու հնարավորություն են ունենալու։
 
«Երբ պատերազմը վերջացավ, սկսվեց խառնաշփոթը, որը, եթե պատերազմի ժամանակ հասկանալի է, դրանից հետո կարող է ցավալի հետևանքներ ունենալ: Մարդիկ ցանկանում էին օգնել և՛ Արցախ վերադարձած ընտանիքներին, և՛ ՀՀ-ում ապաստանածներին, սակայն չգիտեին, թե ինչպես: Կար պրոֆեսիոնալ կադրերի խնդիր, իսկ քանի որ Արցախը չունի սոցիալական աշխատանքի մասնագետներ, դիմում էին մեր օգնությանը: Հասկացանք, որ արցախցիների աջակցության ծրագրերի իրականացման հաջողությունն ուղղակիորեն կապված է սոցիալական աշխատող մասնագետներ ունենալու հետ, որտեղից էլ ծնվեց սույն ծրագրի գաղափարը», - նշել է ՀՕՖ-ի՝ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը՝ շեշտելով, որ ավելի քան 40 դիմորդից ընտրել են 25 մասնակից, որոնք 8-ամսյա առկա և առցանց վերապատրաստման հնարավորություն են ստանալու։
 
Դասընթացներն անցկացվելու են ՀՕՖ-ի՝ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսների ու Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա-ի մասնագետների համատեղ ուժերով։
 

  • Կիսվել: