կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի «Արևիկ» հիվանդանոցում հետաձգում են երեխաների պլանային վիրահատությունները` ջեռուցման բացակայության պատճառով

Արցախի «Արևիկ» հիվանդանոցում հետաձգում են երեխաների պլանային վիրահատությունները` ջեռուցման բացակայության պատճառով

Ջեռուցման բացակայության պատճառով Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոցում ստիպված հետաձգում են երեխաների պլանային վիրահատությունները։

«Մենք ստիպված եղանք դադարեցնել պլանային վիրահատությունները, որովհետև այն երեխաները, որոնք կարողանում են գոնե սպասել, այսինքն` այն հիվանդությունները, որոնք շտապողականություն չեն առաջացնում, մենք ստիպված էինք դադարեցնել, որովհետև չափազանց դժվար է պալատները ադեկվատ տաքացնել, վիրահատարանները, և նմանատիպ շատ մեծ խնդիրներ ենառաջանում, հատկապես այս ցուրտ եղանակին», - «Ազատությանը» փոխանցեց հիվանդանոցի գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այս պահին մի քանի տասնյակ երեխաներ են ստացիոնար բուժում ստանում։ Այժմ օգտագործվում են այլընտրանքային ջեռուցման միջոցներ, որոնք, սակայն, բավարար չափով չեն տաքացնում հիվանդանոցը։ Տնօրենն ասում է՝ հիվանդանոցը գերծանրաբեռնված է։

«Արցախում այս պահին տեղի ունեցողը հումանիտար աղետ է», - հենց այս հիվանդանոցի բակում այսօր կազմակերպված խաղաղ ակցիայի ընթացքում հայտարարում էին մասնակիցները՝ կոչ անելով միջազգային կառույցներին անհապաղ միջոցներ ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը։ Ակցիայի կազմակերպիչ Քրիստին Բալայանն ասում է՝ եթե այսօր ադրբեջանական կողմը գազն է անջատում, վաղն էլ կարող են իրենց զրկել լույսից ու ջրից։

«Սիմվոլիկան այն էր, որ մանկական հիվանդանոցի մոտ էինք կանգնած, որ մենք երեխաների կողքին կանգնած ենք` ձեռք ձեռքի տված, միասնական, որ աշխարհը տեսնի, ու փորձում էինք այդպես մեր ձայնը հասանելի դարձնել միջազգային կազմակերպություններին, հանրությանը, որ Արցախում հայեր են ապրում, ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ, սա մեր տունն է», - նկատեց նա։

Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երեկվանից միջազգային կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում։ Human Rights Watch-ից հետո այսօր էլ Freedom House-ն է դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը:

Կազմակերպությունը Թվիթերի միկրոբլոգում շեշտել է. «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, ովքեր շաբաթներ շարունակ դիմացել են սառնամանիքին՝ առանց ջեռուցման կամ տաք ջրի»։

Երեկ նաև Եվրամիությունն էր մտահոգություն հայտնել Ստեփանակերտում գազամատակարարման խափանումների առնչությամբ։ Ստեփանակերտից հայտնում են, որ դեռ հայտնի չէ, թե խնդիրը երբ կլուծվի, կապ են պահպանում ադրբեջանցիների հետ բանակցող ռուս խաղաղապահների հետ, սակայն մինչ այս պահը արդյունք չկա։

  • Կիսվել: