ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Գնահատելով վերջին շրջանում ԱՄՆ և իր դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ծավալած ռազմա-քաղաքական գործընթացները, Իրանում ներքաղաքական զարգացումների վրա ԱՄՆ ազդեցության աճը, տարածաշրջանում կենսական շահեր ունեցող պետությունների մարտավարական մոտեցումների որոշակի փոփոխությունները, կարող ենք արձանագրել, որ նոր մարտահրավերներ են նետված հայկական երկու պետություններին և ռազմա-քաղաքական ղեկավարություններին:
Այդ տեսանկյունից 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները էական ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն արցախյան հիմնախնդրի լուծման, այլ նաև հայկական երկու պետությունների, ինչու չէ, նաև համայն հայության ներկայի և ապագայի վրա:


Արցախի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի և իր դաշնակից Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից հրապարակային կատարած հայտարարությունները, ինչը ակնհայտ ոտնձգություն է ինքնիշխան Արցախի և Հայաստանի նկատմամբ, Արցախի ժողովրդին և իշխանություններին այլ ելք չեն թողնում, քան լավագույնս պատրաստվել դիմագրավելու Ադրբեջանի կողմից սպասվող հերթական ռազմական ագրեսիային:


Արցախում նորընտիր նախագահը ոչ միայն պետք է ընդունված լինի հասարակության տարբեր շերտերի և խավերի, քաղաքական և հասարակական կառույցների ու ազատամարտի մասնակիցների կողմից, այլ նաև խորհրդանշի արցախյան ազատամարտում հաղթած հրամանատարի կերպարը, որը երկիրը առավելագույնս կարող է նախապատրաստել դիմագրավելու սպասվելիք ագրեսիային:


Նորընտիր նախագահի առաջնահերթություններից պետք է լինեն պաշտպանունակության ուժեղացումը, երկրի անվտանգության ապահովումը, երկրում օրինականության հաստատումը և արդարության հաստատման համար վճռականության դրսևորումը:
Այս համատեքստում, Արցախի Արդարություն կուսակցությունը առավել քան կարևորում է 2020 թվականին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններում նախագահի թեկնածուների և կուսակցությունների <<սև քարոզչություն>> իրականացնելուց զերծ մնալը, ընտրողների արժանապատվությունը նվաստացնելու միջոցով ընտրակաշառք առաջարկելուց և այն իրականացնելուց հրաժարվելը:


Կոչ ենք անում Արցախի Արդարություն կուսակցության անդամներին և համախոհներին, Արցախի բոլոր արժանապատիվ քաղաքացիներին չտրվել ընտրակաշառք առաջարկող և բաժանող անձանց նկատմամբ բռնություն և նվաստացումներ իրականացնելու գայթակղությունից, այլ այդ անձանց բացատրել արարքի վտանգավորության և անթույլատրելիության մասին:


Դիմում ենք Արցախի իշխանություններին չներգրավվել Նախագահի որևէ թեկնածուի կամ կուսակցության օգտին կողմնակալ գործունեություն իրականացնելուն կամ դրան նպաստելուն, միաժամանակ առանձնահատուկ ուշադրության ներքո պահեն և կանխեն ընտրություններում որևէ թեկնածուի համար ընտրակաշառք առաջարկելու գործողությունները և այն իրականացնող անձանց նկատմամբ իրականացնեն օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր:


Արցախի <<Արդարություն>> կուսակցություն
Արցախ, Ստեփանակերտ, 17-ը հունվարի 2020 թ.»

  • Կիսվել: