երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի ապագան, անվտանգությունը, հաջողությունը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրն է. Վարդանյան

Արցախի ապագան, անվտանգությունը, հաջողությունը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրն է. Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-6-ը Ստեփանակերտում, ներկայացվել և քննարկվել են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից իրականացված հետազոտության և դրա հիման վրա մշակված Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք ենթադրում են Արցախի համայնքների կլաստերային զարգացում՝ թիրախավորելով երեք կարևոր կետ՝ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացում և տնտեսական խթանների ստեղծում։

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը բացման խոսքում ընդգծել է Արցախի զարգացման տեսլականի սահմանման կարևորությունը՝ նշելով, որ հենց դրա հիմքի վրա է հնարավոր լինելու ձևավորել պետական, հասարակական, մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը:

«Վստահ եմ, որ միակ ճիշտ ճանապարհը Արցախում հասարակական, մասնավոր և պետական հատվածների միջև համագործակցության մոդելն է, որովհետև շատերն են ցանկանում աջակցել Արցախի ժողովրդին ու Արցախի ղեկավարությանը, և այդ առումով աշխատանքի համապատասխանեցման, համադրման խնդիր կա: Թե՛ Արցախի կառավարությունը, թե՛ համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան: Սա միայն Արցախի խնդիրը չէ, սա համահայկական խնդիր է: Արցախի ապագան, Արցախի անվտանգությունը, Արցախի հաջողությունը ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի խնդիրն է»,-ընդգծել է պետնախարարը:

Նա կարևոր է համարել ծրագրերի շուրջ բովանդակային քննարկումների ծավալումը՝ վստահություն հայտնելով, որ դրանց արդյունքում կձևավորվեն ավելի իրատեսական և Արցախի առաջնահերթություններին համահունչ ծրագրեր:

ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը Արցախի ժողովրդին հուսադրելն ու հավատ ներշնչելն է առ այն, որ նրանք կարող են արարել, աշխատել և բարեկեցիկ կյանք ստեղծել այստեղ։ Նա ընդգծել է, որ քննարկումների ընթացքում ծրագրերը կարող են նաև փոփոխությունների ենթարկվել։ «Այս պրոդուկտը նախևառաջ պատկանում է Արցախի կառավարությանը, իրենք են այդ կապող օղակը։ Որպես ազգ, մենք մեր ռեսուրսներն ամենաարդյունավետ ձևով պետք է օգտագործենք։ Պետք է քննարկենք և հասկանանք, թե արդյոք ներկայացված ծրագրերը համապատասխանում են կառավարության այսօրվա առաջնահերթություններին, ինչ է պետք փոխել՝ դրանք ավելի համապատասխան դարձնելու համար»,-ասել է Վազգեն Յակուբյանը:

«ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը ներկայացրել է հետազոտությունների արդյունքները, առաջարկվող կլաստերներն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք մշակվել են միջազգային հաջողված փորձի, Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաև համընդգրկուն հարցումների հիման վրա: Արցախի տարբեր գերատեսչությունների և մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկու օրերի ընթացքում հանգամանալից քննարկումներ են ծավալվել ներկայացված ծրագրերի շուրջ, որոնց արդյունքները կամփոփվեն ՀԲԸՄ մասնագիտական թիմի կողմից:

  • Կիսվել: