երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ԱՆ-ի ենթակայության տակ գործող բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես դադարեցվել են

Արցախի ԱՆ-ի ենթակայության տակ գործող բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես դադարեցվել են

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը՝ պատշաճ կերպով հաղթահարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: