երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ԱԽ-ը պարզաբանել է, թե ինչ կարգավիճակով է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը

Արցախի ԱԽ-ը պարզաբանել է, թե ինչ կարգավիճակով է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը

Արցախի ԱԽ-ը պարզաբանել է, թե ինչ կարգավիճակով է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը:

«Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող:

Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:

Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները, որոնք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այսօր շարունակել են բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական զորակազմի հրամանատարության հետ Իվանյան համայնքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այդ քայլի պատճառաբանությունը եղել է «բնապահպանական»: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ բանակցությունից հետո ադրբեջանցիները բացել են ճանապարհը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ:

 

  • Կիսվել: