երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ԱԱԾ-ն ստուգում է Շուշիի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները

Արցախի ԱԱԾ-ն ստուգում է Շուշիի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները

Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը, այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:

«Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը: ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ: Այս պահին ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայր ժամանելու և այն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետազոտելու համար, որից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ այդ թվում գազամատակարարման խափանման իրական պատճառների վերաբերյալ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակաբար կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, պատասխանատվություն է կրում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայրի հարակից տարածք ներկայացած մատակարար կազմակերպության և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի ու անվտանգության համար: Բավարար տեղեկություններ և ապացույցներ ամրագրելուց հետո ծառայությունը հանրությանը լիարժեք տեղեկություն կտրամադրի դեպքի հանգամանքների վերաբերյալ»,– ասվում է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել։

  • Կիսվել: