Արցախցիների վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը. Արտակ Բեգլարյան
Արցախցիների վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդֆրադառնալով նրան, որ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանի հրապարակավ Ադրբեջանին առաջարկել էր, որ Հայաստանը հրաժարվում է Արցախ վերադարձի հարցի արծարծումից, Ադրբեջանն էլ թող հրաժարվի «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի խոսույթից։
«Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ վերադառնում է, թե՞ չի վերադառնում։ Նրանք են այդ հարցի տերը։ Տվյալ դեպքում ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի կառավարության դիրքորոշումը ձեւակերպել։ Մեզ համար խիստ անընդունելի և դատապարտելի է, որ ՀՀ կառավարությունը նման դիրքորոշում ուբնի։ Ընդ որում, իրավունքները վաճառքի է հանում, և երկրորդը, հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի և ադրբեջանցիների «վերադարձի» միջև։ Այդտեղ համեմատության ոչ մի եզր չկա ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների և ոչ իրավական հիմքերի առումով։
Քիչ թե շատ կարող է քննարկելի լինել, համադրելի լինել ադրբեջանահայության վերադարձը և Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձը, բայց քիչ թե շատ, որովհետև ադրբեջանահայությունը բռնի գաղթել է ցեղասպանական քաղաքականության հետևանքով, Հայաստանի ադրբեջանցիները հանգիստ, առանց որևէ բռնության, առանց որևէ սպառնալիքի իրենց կամքով հեռացել են Հայաստանից»,– հայտարարեց նա։
Նա նկատեց, որ Արդարադատության միջազգային դատարանի հրամանը վերաբերում է ամբողջ միջազգային հանրությանը, այդ թվում Հայաստանին, ընդ որում Հայաստանի դիմումի հիման վրա է դա ընդունվել. «Այսինքն տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասում է՝ ես չեմ կատարում դատարանի հրամանը և նաև իմ դիմումի հիման վրա ընդունված հրամանը։ Մի հատ էլ արդարացնում է ցեղասպանությունը»։


