ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը:

՛՛Ինչպես հայտարարվել է ապրիլի 29-ին տեղի ունեցած՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում, որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Խորհուրդը որոշել է։

Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ և համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության և հրատապ հիմնախնդիրների կարգավորման համար: Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային և զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների:

Փորձագիտական աշխատանքների ամփոփման համար պատշաճ ժամանակ ունենալու նպատակով՝ կառավարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երկու ամսով երկարաձգելու ապրիլի մեկից դադարեցված բնակվարձի աջակցության ծրագիրը՝ ամսական 40,000 դրամի չափով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ Կառավարության ապրիլի 30-ի նիստում արցախցիների սոցիալական աջակցության երկարաձգման որոշման հաստատմամբ Կառավարությունը կատարել է տրված խոստման առաջին մասը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձևավորված փորձագիտական խմբերի կողմից պարբերաբար հանրային հաշվետվություններ կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով մարտի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած պայքարի որոշակի դրական արդյունքները, աշխատանքային ռեժիմի անցման անհրաժեշտությունը, ինչպես նաև ունեցած ռեսուրսների վերաբաշխման հետ կապված հարցերը՝ Խորհուրդը որոշում է կայացրել հանել Ազատության հրապարակում տեղադրված վրանը և տեղափոխվել Երևանում ԱՀ մշտական ներկայացուցչության շենք՝ Նաիրի Զարյան 17Ա հասցեում:

Այնուամենայնիվ, Խորհուրդը հայտարարում է, որ չի բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը, եթե ՀՀ կառավարության կողմից բավարար քայլեր չձեռնարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար:

Միևնույն ժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը որևէ քաղաքական կամք չի ցուցաբերել մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մի շարք կետերի մասով նույնիսկ բովանդակային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ առումով Խորհուրդը շարունակելու է իր ջանքերը բոլոր կետերի կատարման նպատակով՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով հրատապ խնդիրների լուծումը՝ միտված Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցության ապահովմանը՛՛,-ասված է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ:

  • Կիսվել: