երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արցախցիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալը պետք է հեշտացնել․ Ստեփանյան

Արցախցիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալը պետք է հեշտացնել․ Ստեփանյան

Արցախցիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալը պետք է ավելի հեշտացվի ու վերացվի ՀՀ իշխանությունների այն պահանջը, որով այդ հարցը ներառվում է պետական աջակցության ծրագրերում։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ընթացող քննարկման ժամանակ հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ստանալիս բռնի տեղահանված արցախցիների խնդիրին։
 
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը խոչընդոտ չէ արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար՝ նշելով, որ այս հարցով խորհրդակցել է նաև ոլորտի միջազգային մասնագետների հետ։ Միաժամանակ նա նշեց, որ արցախահայության շրջանում նման մտահոգություններ առաջացրել է գործող իշխանության վարքագիծը, մասնավորապես, մարդկանց ապօրինի քաղաքացիությունից մասսայաբար զրկելուց հետո Արցախ վերադարձի իրավունքի հարցը բանակցային գործընթացից դուրս թողնելով, քաղաքացիության իմպերատիվ պահանջը պետական աջակցության ծրագրերում ներառելով և նմանատիպ այլ քայլերով։
 
«Ներկայում փորձ է կատարվում մեզ Արցախից կտրելու և մեր հարցը փակելու մասով։ Ըստ այդմ առաջարկում եմ, որ պարտադրանքի մարտավարությունից անցում կատարվի դեպի բռնի տեղահանվածների շրջանում տեղեկացված որոշման հասնելու մարտավարություն, սոցիալական որևէ ծրագիր չկապակցել քաղաքացիության ինստիտուտի հետ՝ բացառելով խտրական մոտեցումը։ Առաջարկում եմ նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար առավել դյուրին և մատչելի ընթացակարգեր ներդնել ու վարչարարության արդյունավետություն ապահովել, երաշխավորել վերադարձի իրավունքը։ Վերջինն ամենակարևոր հանգամանքներից է»,- նշեց Ստեփանյանը։

  • Կիսվել: