կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցին ամուր կապված է իր հայրենիքին, և այս հողի հետ անքակտելի կապը մեր լինելիության գրավականն է․ ԱՀ քաղշինության նախարար

Արցախցին ամուր կապված է իր հայրենիքին, և այս հողի հետ անքակտելի կապը մեր լինելիության գրավականն է․ ԱՀ քաղշինության նախարար

ԱՀ քաղշինության նախարարության նախարար Արամ Սարգսյանը ամանորյա ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․

"Հարգելի՛ հայրենակիցներ,

Անցնող 2021 թվականն ոչ պակաս դժվարին ու փորձություններով լի տարի էր, որի հաղթահարումը հնարավոր էր միայն ամուր կամքի և հաստատուն վճռականության դրսևորման շնորհիվ։

Հետպատերազմյան հետևանքների վերացման այս բարդ փուլում արցախցին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամուր կապված է իր հայրենիքին, և այս հողի հետ անքակտելի կապը մեր լինելիության գրավականն է։ Այդ մասին է վկայում նաև մեր երկրում իրականացվող մեծածավալ շինարարությունը՝ նոր բնակավայրերի կառուցումը, ավերված շենք-շինությունների, բնակելի տների, ենթակառուցվածքների շուտափույթ վերականգնումը և օր օրի վերադարձը բնականոն կյանքին։

Այս ամենի հետ մեկտեղ մենք պարտավոր ենք հիշել այս օրը մեզ նվիրած և հանուն Արցախի ազատության նահատակված մեր հերոս տղաներին, որոնք Արցախի արժանապատիվ ապագայի համար առանց վարանելու իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին։ Նրանք միշտ ներկա են, քանի որ նրանց կատարած գործն անմահ է։ Ուժ և տոկունություն նրանց ընտանիքներին։

Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Թող որ Աստծո օրհնությամբ գալիք 2022 թվականը նպաստի մեր ազգային իղձերի իրագործմանը։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և ամենայն բարիք։

Խաղաղությու՜ն Արցախ աշխարհին"։

  • Կիսվել: