երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։

Համաձայն ԱՀ Առողջապահության նախարարության և նախարարին կից մասնագիտական խորհրդի կատարած ուսումնասիրության՝ Արցախի բժշկական հաստատություններում այս պահին մոտ 70 բժիշկ-մասնագետների կարիք կա, որոնցից 20-ը՝ հրատապ։ Կադրերի խնդիրն առաջացել է հատկապես հետպատերազմյան շրջանում բժիշկների արտահոսքի հետևանքով։

«Բժիշկները Արցախի համար» ծրագրին դիմած առաջին խումբն ապրիլի 4-ից մեկնել է Մարտունու շրջան, որտեղ աշխատելու է 2 շաբաթից 6 ամիս ժամկետով։ Գործուղման ավարտին նրանց փոխարինելու է հերթական բժիշկների խումբը։

Արցախ մեկնած բժիշկների վարձատրությունն ու կեցությունը ապահովում է ԱՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացնում է Հայ օգնության ֆոնդը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության և Րաֆֆի Հովհաննիսյան հիմնադրամի աջակցությամբ։

  • Կիսվել: