շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Արցախ․ էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով խորհրդաժողով՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում

«Արցախ․ էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով խորհրդաժողով՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում

Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում կանցկացվի ՛՛Արցախի էթնիկ զտումից երկու տարի անց՛՛ խորագրով խորհրդաժողով:

՛՛2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, ինչի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր։ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և այլ բնակավայրեր ենթարկվեցին ռմբակոծման։ Տասը ամիս տևած ամբողջական շրջափակման ավարտից հետո ադրբեջանական զինված ուժերը բռնակցեցին Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրեց արցախահայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման։

Այս ողբերգական իրադարձությունները հիշելու և դրանց քաղաքական ու իրավական հետևանքները քննարկելու նպատակով Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով «Արցախ /Լեռնային Ղարաբաղ/, էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով։ Միջոցառումն իրականացվում է պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։

Խորհրդաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համալսարանականներ, լրագրողներ :

Խորհրդաժողովը նպատակ ունի բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, փաստարկել տեղի ունեցած էթնիկ զտումը և քննարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ քաղաքական ու իրավական հեռանկարները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: